Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ հրաժեշտ

Փետրվար 10,2012 21:40

Այսօր իր բլոգում «Իմ կյանքի «հայկական ժամանակաշրջանի» մասին» վերնագրված նոթով հանդես է եկել Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, որն արդեն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում:

Ներկայացնում ենք գրառումը` ազատ թարգմանությամբ: Այն գեղեցիկ հրաժեշտի մի լավ օրինակ է:

            Իմ կյանքի «հայկական ժամանակշրջանի» մասին

Այսօր ես խորհում եմ իմ կյանքի «հայկական շրջանի» մասին: Այո, հենց այդպես եմ ես կոչում յուրահատուկ ու դժվարին առաքելություն ունեցող մի ընկերությունում` Հարավկովկասյան երկաթուղում, իմ աշխատանքի վերջին երեք տարիները: Դա մի ընկերություն էր, որում աշխատում են իմաստուն եւ փորձառու աքսակալներ եւ ստեղծագործ երիտասարդներ: Համազգային եւ պետական նշանակություն ունեցող ընկերություն:

Իմ «հայկական ժամանակաշրջանը» ինձ համար դարձավ առանցքային` շատ հարցերում: Եվ առաջին հերթին այն կարեւորում եմ նրանով, որ ես ներսից ճանաչեցի իր բազմադարյան պատմությամբ, տառապանքներով հայտնի, բայց միեւնույն ժամանակ` հպարտությամբ եւ արժանապատվորեն ապրելու ունակություն ունեցող ժողովրդին: Ժողովրդի, որը կարողացել է քարից կյանք ստեղծել:

Այժմ, Հայաստանում իմ երեք տարվա աշխատանքից հետո, ես հասկանում եմ` ՀԿԵ-ի անձնակազմը մի ներկապնակ էր, որում տեղ են գտել հայ ազգին հատուկ բոլոր հատկանիշները` աշխատասիրություն, կայունություն, նպատակասլացություն, կենսախնդություն: Եվ ամենակարեւորը` համախմբվածություն: Համախմբվածություն, որը լինում է ամենաամուր եւ սիրող ընտանիքներում: Դրանք այն հատկանիշներն են, որոնք ինձ` որպես ղեկավարի, ոգեւորում էին, եւ տալիս էին նոր ծրագրերի իրականացման , նոր գաղափարների առաջացման անհավատալի խթան: Ես շնորհակալ եմ այդ կոլեկտիվին, որն իմ կողքին էր եւ աջակցում էր ինձ ամենաառանցքային, բարդ պահերին:

Շատ բաներ արվեցին նշված ժամանակահատվածում: Ինչ-որ բաներ, հավանաբար, կարելի էր անել այլ կերպ: Չեմ խորանա մեր հաջողությունների թվարկման մեջ: Դրանց մասին շատ է ասվել եւ գրվել: Գլխավորը, ինչն անհրաժեշտ է ասել, դա այն է, որ մեզ հաջողվեց ստեղծել առողջ մթնոլորտ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ` նրա շուրջը: Եվ այսօր կարելի է հպարտությամբ ասել` իրականություն դարձավ երկաթուղային տրանսպորտի կայացումը Հայաստանում: Դա դժվար, բազմաստիճան գործընթաց էր, որում ներառված էին բոլորը` բանվորից մինչեւ ընկերության բարձրագույն կառավարման օղակ, ՀՀ վարչական մարմիններից մինչեւ երկրի նախագահը:

Նաեւ ուզում եմ նշել ԶԼՄ-ների դերը, որոնք մեզ իրենց տեսադաշտից բաց չէին թողնում: «Չորրորդ իշխանության» աջակցությունը` կառուցողական քննադատության եւ լուրջ վերլուծական եւ տեղեկատվական նյութերի տեսքով հաճախ առանցքային դեր էր խաղում այս կամ այն որոշումների ընդունման հարցում:

Մի խոսքով` շնորհակալություն անաչառության համար:

Իմ «հայկական շրջանը» իսկապես լի է վառ իրադարձություններով եւ հետաքրքիր մարդկանցով: Բլոգոսֆերայում ինձ տրված տարածության շրջանակներում ես պարբերաբար կանդրադառնամ այդ ժամանակահատվածին: Ինչպես բանաստեղծն է ասել` «խոշորը երեւում է հեռվից»: Այդ ժամանակահատվածում տեղ գտած շատ բաներ ստիպված կլինեմ իմաստավորել եւ վերաիմաստավորել, շատ բաների նոր գնահատական կտրվի, եւ եզրահանգումներ կանեմ ինչպես ինքս իմ համար, այնպես էլ իմ նոր առաքելության համար, որը կոչվում է «Կույբիշեւյան երկաթուղի»:

Եվ հետեւաբար, իմ «հայկական շրջանը» դեռ կշարունակվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829