Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ. «Նախաքննական մարմինը չի պարզել, թե ինչպես է արգելված իր ներարկիչը հայտնվել կալանավոր Սլավիկ Ոսկանյանի մոտ»

Փետրվար 10,2012 20:53

 

Սլավիկ Ոսկանյանի լուսանկարը՝ hetq.am-ի

2010 թվականի հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը դիմել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի` 2011 թ. օգոստոսի 30-ին կայացրած քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Նախաքննության տվյալներով` Սլավիկ Ոսկանյանը մահացել էր կալանավայրում` ձախ սրունքի գանգրենայից, որն առաջացել էր ձախ սրունքի վերին երրորդական շրջանում` մաշկի տակ, թուք սրսկելու հետեւանքով:

Ըստ գործի նյութերի` առաջացած վերքը բուժելու նպատակով Ոսկանյանը առաջին անգամ բուժօգնության է դիմել 2010թ. հոկտեմբերի 18-ին: Նշված օրվանից մինչև 2010թ. հոկտեմբերի 24-ը «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետունի Մինասյանի կողմից ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն Սլավիկ Ոսկանյանը, բժշկական միջամտությունից հետո, հաճախակի պոկել է վերքի վիրակապը՝ դրանով նպաստելով ինֆեկցիայի խորացմանը և ընդհանուր վիճակի ծանրացմանը:

Նախաքննական մարմինը գտել է, որ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Սլավիկ Ոսկանյանի մահվան առնչությամբ «Վանաձոր» ՔԿՀ բժիշկ Մարզպետունի Մինասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, վնասվածքը պատճառվել է ինքնավնասման միջոցով, եւ որեւէ անձի գործողություններում հանցակազմ չկա:

փաստաբան Էդմոն Մարուքյան

Հակառակ սրան` փաստաբան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ նախաքննական մարմինը չի իրականացրել օբյեկտիվ, բազմակողմանի եւ արդյունավետ քննություն` խախտելով ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածը եւ «Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պետության պոզիտիվ պարտավորությունը. «Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեղքով անձանց մահվան կապակցությամբ ներպետական մակարդակով անկախ, լիակատար և արդյունավետ հետաքննություն չանցկացնելը պետության կողմից կյանքի իրավունքի` օրենքով պաշտպանելու պարտավորության խախտում է»:

Նա բացատրում է, որ եթե Ս.Ոսկանյանի մետ հոկտեմբերի 19-ին սկսած գնահատված օբյեկտիվ վիճակին համապատասխան կատարվեին նպատակասլաց բուժումներ անաէրոբ ինֆեկցիայի դեմ, հիվանդը շուտ տեղափոխվեր հիվանդանոց և ստանար համապատասխան (կոնսերվատիվ և վիրաբուժական) բուժում, ապա հնարավոր կլիներ կանխել հիվանդության բացասական ելքը:

«Նախաքննության մարմինը նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով՝ չի նշել թե ում գործողություններում առկա չէ հանցակազմի հատկանիշներ, և հանցակազմի որ հատկանիշն է բացակայում: Նախաքննության նյութերից երևում է, որ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ և որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար չկա նաև քրեական հետապնդում»,-ասում է Մարուքյանը:

Փաստաբան Կարեն Թումանյան

Փաստաբան Կարեն Թումանյանն էլ ավելացնում է, որ թեեւ նախաքննության մարմինն ընդունել է, որ Սլավիկ Ոսկանյանի մոտ եղել է արգելված իր` ներարկիչ, սակայն որեւէ գործողություն չի կատարել` պարզելու համար, թե ինչպես է այդ իրը հայտնվել կալանավորի մոտ:

«Ավելին, նախաքննական մարմինը չի հաստատել ինքն իրեն թուք սրսկելու հանգամանքը, կալանավայրում եղած խոսակցություններն են հիմք տվել այդպես մտածելու, որևէ գործողություն չի կատարել պարզելու, թե Սլավիկ Ոսկանյանի առողջական վիճակը վատանալուց հետո ինչո՞ւ չեն նրան անհապաղ տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ ստացիոնար բուժման միջոցով հնարավոր կլիներ նրա կյանքը փրկել»,-նախաքննության թերացումների մասին է պատմում Կարեն Թումանյանը:

Փաստաբանները պնդում են` ՀՀ իրավասու մարմինների կողմից Սլավիկ Ոսկանյանին անհապաղ դատապարտյալների հիվանդանոց չտեղափոխելը և հիվանդ կալանավորին ստացիոնար բուժման հնարավորություն չտալը հավասարազոր է Սլավիկ Ոսկանյանի կյանքի նկատմամբ պետության միջամտությանը, որի արդյունքում ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդ դատապարտյալը մահացել է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829