«ՀՀ ներքին զորքերն ու անվտանգության ուժերը լիովին բավարար են ներքին խնդիրները լուծելու համար: Արտակարգ դրության ժամանակ բանակը պետք է շատ ավելի զգոն լինի պետական սահմանների նկատմամբ»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված արտակարգ դրության մասին օրենքի նախագծին:
Լրագրողներից մեկի դիտարկմանն՝ արդյոք իշխանությունն այս օրենքով փորձում է նույն հարցը լուծել, ինչ-որ արվեց 2008 թվականի մարտի 1-ին, Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Մարտի 1-ը դա մի այլանդակ դրսեւորում էր, հանցագործ դրսեւորում էր եւ ժողովրդի, եւ քաղաքականության, աշխարհի հանդեպ: Դա չպետք է կրկնվի երբեք: Մարտի 1-ին Քոչարյանը ոչ մի իրավունք չուներ այդ գործողություններում զինված ուժերին ներգրավելու, դա հակասահմանադրական եւ հակաօրինական քայլ էր: Բայց այսօր, եթե նույնիսկ ենթադրենք, որ ընտրությունները կարող են ուղեկցվել անկայունություններով ու բռնություններով, ես քիչ հավանական եմ համարում»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ իր համար հավաստի՞ են արդարադատության նախարարի բերած փաստարկները սույն օրենքի անհրաժեշտության մասով, Վահան Շիրխանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է ընդունվեր մեկ տարի առաջ, կես տարի առաջ եւ որեւէ կերպ չկապվեր առաջիկա ընտրությունների հետ: Բայց ներկայացվել է հիմա: Ես համարում եմ, որ երկիրը պետք է ունենա արտակարգ դրության մասին օրենք, որովհետեւ դա անհրաժեշտ գործիք է բոլոր երկրների համար, ոչ միայն Հայաստանի»:
Կարդացեք նաև
Շիրխանյանը հավանական է համարում եկող տարի կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ 2008-ի դեպքերի կրկնությունը, բայց՝ «եթե 2008-ից մինչ այսօր որեւէ բան փոխված չլիներ»:
Բանախոսի կարծիքով, վերջին տարին ցույց տվեց, որ իշխանությունը որոշ քայլեր կատարում է արդյունաբերության, հատկապես գյուղատնտեսության ոլորտում հոգսերը թեթեւացնելու համար. «Եթե կատարվեն ավելի լուրջ ծրագրային աշխատանքներ, տեղի ունենար ճգնաժամի ծնող պատճառների վերլուծություն եւ ծրագրվեր դրա հաղթահարումը, ես կարծում եմ, որ մինչեւ նախագահական ընտրություններ հասարակության լարվածությունը եւ դժգոհությունները զգալիորեն կմեղմանան: Դրա համար շատ քիչ բան է պետք՝ դադարել դեմոկրատացման մասին խոսելուց եւ խոսել սոցիալ-դեմոկրատացման մասին: Փոխել տնտեսական եւ կառավարման համակարգը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ