Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր միգրանտների՞ն էլ են զբոսաշրջիկի տեղ դնում (Տեսանյութ)

Փետրվար 10,2012 18:11

 

ավերակ Կիպրոսում

Եթե Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնում փլված, հրդեհի բաժին դարձած շենք-շինությունները, որոնք գտնվում են բուֆերային գոտում (չեզոք գոտի), խիստ հետաքրքրում են այդ երկիր ժամանած զբոսաշրջիկներին, եւ նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում դրանց հետ կապված պատմությունները, քանի որ դրանք արդեն համարվում են պատմական նմուշներ, ապա մեր երկիր եկած զբոսաշրջիկին, մեր տուրիզմի ոլորտի պատասխանատուները ոչ մի կերպ չեն կարող բացատրել, թե օրինակ՝ ինչո՞ւ այդպես էլ չեն ապամոնտաժվում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող արդարադատության նախարարության նախկին շենքի կիսաայրված փլատակները:

ավերակ Երեւանում

Այսօր էկոնոմիկայի նախարարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որպես ոլորտը համակարգող, երբեւէ առաջարկությամբ հանդես եկե՞լ է ապամոնտաժելու մայրաքաղաքի գոնե կենտրոնական հատվածներից փլված, մեր քաղաքացիների եւ տուրիստների համար ոչ ակնահաճո շենքերը:

«Այո, դիմել ենք քաղաքապետարան»,-նշեց պարոն Պետրոսյանը: Մեր հարցին՝ կասե՞ք կոնկրետ ո՛ր կիսակառույցի համար, Արա Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Բոլոր այն շենքերի համար, որոնք ակնահաճո չեն զբոսաշրջիկների համար»: Հետաքրքրվեցինք, թե փոխնախարարի ո՞ր առաջարկին են արձագանքել: «Օրինակ՝ Երեւանի շենքերի ֆասադները մեր առաջարկով են ներկվել»,-վստահեցրեց Արա Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյանը գտնում է, որ զբոսաշրջության ոլորտում դեռեւս անելիքներ շատ կան. «Պետք է որակը բարձրացնենք, գները մեղմենք»: Այդուհանդերձ նա խիստ լավատես է եւ կարծում է, որ եթե այս տեմպերով գնա, ապա մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը շուտով կհատի մեկ միլիոնի սահմանը: Նրա տվյալներով, անցյալ տարի Հայաստան են ժամանել 757 935 զբոսաշրջիկ: Հարցին, թե այդ թվի մեջ ներառվա՞ծ են նաեւ արտերկիր արտագնա աշխատանքի մեկնած եւ ժամանակավորապես տուն վերադարձած մեր հայրենակիցները եւ նրանք է՞լ են համարվում տուրիստ, փոխնախարարն ասաց. «Համաշխարհային տուրիստական կազմակերպության սահմանման համաձայն, եթե մարդու կենսամիջավայրը գտնվում է այլ վայրում, որտեղ նա աշխատում է եւ ստանում է եկամուտ, եւ եթե նա փոխում է այդ վայրը եւ գալիս է մեկ այլ վայր, եւ այդ վայրի վրա ունենում է որոշակի տնտեսական ազդեցություն, այսինքն՝ իր առօրյա ապրելամիջավայրում ստեղծած փողը ծախսում է ժամանման վայրում ու սահմանված ժամկետում լքում է իր ժամանման վայրը, ժամանման վայրում չի զբաղվում վճարովի աշխատանքով, ապա նա հանդիսանում է զբոսաշրջիկ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե քանի որ «զբոսաշրջիկի սահմանումը» միանգամայն համապատասխանում է արտագնա աշխատանքի մեկնած մեր միգրանտներին, կարելի՞ է ենթադրել, որ 757 հազարից մի քանի հարյուրը միգրանտների եք որպես զբոսաշրջիկ հաշվել, Արա Պետրոսյանը պատասխանեց. «Միգուցե սահմանումը համապատասխանում է, բայց դա այդքան մեծ թիվ չի կազմում: Դա կարող է տատանվել 7-8 % տոկոսի չափով»:

Այսինքն՝ մի պարզ հաշվարկ կատարելով, ստացվում է, որ 757 935 զբոսաշրջիկից ընդամենը 6 հազար 634 մարդ է, որ իրականում ոչ թե «զբոսաշրջիկ» է եղել այլ՝ ուղղակի աշխատանքային միգրանտ: Մինչդեռ պարզեցինք, որ ՀՀ Միգրացիոն գործակալության տվյալներով, Հայաստանից ՌԴ մեկնողների եւ վերադարձողների 90 %-ը ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ աշխատանքային միգրանտներ: Ինչպես հայտնի է մեր երկրից հիմնական ելումուտը հենց Ռուսաստանն է:

Անդրադառնալով տուրիստական փաթեթների թանկ լինելուն, պարոն Պետրոսյանն ասաց, որ ինքը «հատ-հատ» եղել է, Հայաստանի բոլոր հյուրանոցներում եւ  հավատացրեց, որ Ջերմուկի, Դիլիջանի, Սեւանի ավազանում կան օրը 5 հազար դրամից սկսած հյուրատներ եւ հյուրանոցներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829