Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճակատագիրը հնարավոր է վերափոխել

Փետրվար 10,2012 18:01

Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում փորձել է պարզել, թե ի՞նչ է ճակատագիրը, սակայն միանշանակ պատասխան չի գտել: Ճակատագրի մասին ստեղծվել են իրար հակասող ուսմունքներ: «Ճակատագիրը մեկն է, սակայն այն հնարավոր է փոփոխել՝ կախված նրանից, թե մարդու ծննդյան ժամանակ մոլորակներն ինչ դասավորություն են ունեցել: Մեծ դեր է խաղում նաեւ արտաքին գործոնը՝ մեզ շրջապատող մարդիկ, կյանքը եւ այս բոլորի փոխհարաբերությունները»,- մեզ հետ զրույցում ասաց աստղաբան Արսեն Սոկոլովը: Նրա համոզմամբ՝ բնավորոթյան փոփոխման արդյունքում կարելի է փոխել նաեւ ճակատագիրը:

Աստղահոգեբան Նունե Թորոսյանի խոսքով էլ, մարդը պետք է ճկուն լինի եւ հարմարվի կյանքի յուրաքանչյուր հոսանքին: Նրա կարծիքով, մարդուն պիտակավորելը սխալ է. «Ոչինչ կամ ոչ ոք վատը չէ: Մեզանից է կախված, թե ինչ կստանանք կամ ում կհանդիպենք կյանքի ընթացքում: Եթե ճակատագրով մեկին տրվում է այս կամ այն ուղին՝ նա պետք է անցնի: Իսկ տվյալ անձին հանդիպած մարդն անպայման կունենա բնավորության այն գծերը, որոնք իր մոտ պետք է շտկվեն: Հակառակ դեպքում այդ լուծը կընկնի վերջինի ժառանգների ուսերին՝ էլ ավելի բարդանալով»:

Բնավորություն փոխելն այդքան էլ հեշտ չէ, սակայն գոյություն ունեն հնդկական եւ  չինական մեդիտացիաներ, ուսմունքներ, որոնք կարող են օգնել մարդուն վերափոխվել: Նունե Թորոսյանի համոզմամբ, նման ուսմունքներով կարելի է պարզել նաեւ, թե որքան կլինի մարդու կյանքի տեւողությունը. «Պարզ չէ՝ ինչի՞ց է կախված մարդու կյանքը, ինչի՞ց կարող է նա մահանալ, թեպետ կան աստղաբանական որոշակի ուղղություններ (նաեւ Կարմայական ծրագիր), մաթեմատիկական հաշվարկներ, որոնցով մարդու կյանքի տեւողությունը կարելի է պարզել: Օրինակ՝ երբ որեւէ մեկին տրված է ապրել 75 տարի, բայց 70 տարեկանում ինքնասպան է լինում, մնացած 5 տարին՝ որպես պարտք, պարտադրված է լինում հատուցել հաջորդ կյանքում:  Ըստ Կարմայական ծրագրի, մեկ մարդու ճակատագիրը կախված է մյուսի ճակատագրից: Մենք բջջի նման ենք. պետք է ծնվենք, ապրենք, մահանանք, մահանալուց հետո էլ թողնենք որոշակի վիբրացիա, էներգիա, որպեսզի մնացած «բջիջները» չմահանան»,- բացատրեց մասնագետը:

Ըստ Նունե Թորոսյանի՝ հնդիկներն այնքան են խորացրել իրենց  գիտելիքները, որ նույնիսկ կարող են որոշել, թե հաջորդ կյանքում երբ է այս կամ այն մարդը ծնվելու: «Ցավոք, Հայաստանում այդպիսի ուսմունք չկա: Դասական աստղաբանությունը այդպիսի հաշվարկներ չի կատարում: Վերջինը, մոլորակների դասավորության օգնությամբ, որոշում է անբարենպաստ պահերի ժամանակն ու տեւողությունը, կամ ինչպես կարելի է դրանցից խուսափել: Փաստորեն, եթե մարդու մակարդակն ինքնաճանաչմամբ բարձրանա՝ նա կսկսի ավելի հանդուրժող լինել կյանքի նկատմամբ եւ  շտկել սեփական բնավորության բացասական գծերը: Միայն այդպես կարելի է կյանքին տալ ավելի լավ որակ՝ դաստիարակելով մյուսներին: Սակայն այդ ամենին հասնելու համար պետք է զարգացնել յուրաքանչյուրիս հոգեւոր կողմը»,- շեշտեց աստղահոգեբանը:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829