Լրահոս
Օրվա լրահոսը

Նա խոսում էր ցածրաձայն

Փետրվար 10,2012 18:00

Մենք՝ հայերս, շատ բարձրաձայն ենք խոսում: Թե ոջունելիս, թե ֆուտբոլային թիմը քննարկելիս կռվողների տպավորություն ենք թողնում:

«Ոչինչ»,- կասեք դուք: Թող բարձր խոսենք, թող գոռանք… Ազգային նկարագիր է:

Իհարկե թող… Ուղղակի բանն այն է, որ գոռացողը ոչ միայն դիմացինին է խլացնում, այլեւ՝ ինքն իրեն չի լսում:

Եվ հետո: Ի՞նչ կարելի է արտահայտել գոռալով: Ուրախության ճիչը եւ զայրույթի ճիչը համարյա նույնն են: Գոռացողն ինքնակամ  հրաժարվում է բոլոր լեզվի մշակված երանգներից:

Իսկ նա խոսում էր միշտ ցածրաձայն: Դա այնքան անսովոր էր, որ երբեմն նեղվում էիր, քանի որ պետք էր լարվել նրան լսելու համար: Նա այն եզակի անձերից էր, ում հետ լռելը եւս հաճույք էր: Նա վայելում էր լավագույն խոսակցի համբավը,  որովհետեւ խոսքի իրավունքը սկզբունքորեն շնորհում էր ուրիշին: Իսկ երբ որոշում էր, այնուամենայնիվ, մի բան ասել, դա մտածված էր, անկեղծ էր, անզուգական էր՝ իր նման էր: Նրա երաժշտական հոգին ազատ արտահայտում էր ապրումն ու միտքը, կասկածն ու պնդումը:

Ազատությունը երեւի իր կյանքի հիմնական իմաստներից էր: Պե՞տք է արդյոք զարմանալ, որ նա խանդավառությամբ նվիրվեց մեր Համազգային շարժմանը, ծառայեց նրան իր խելքով, շնորհներով, գիտելիքներով, իր գրչով…

Մենք ցուցադրեցինք մեր լավագույն հատկանիշները 88-89 թվերին… Մենք ձեռք էինք բերել խոսելու ազատություն, մենք անդադար խոսում էինք միմյանց հետ: Ինչպե՞ս եղավ, որ շատ արագ պարզվեց, որ մենք իրար չենք հասկանում, չենք հարգում, իրար հետ հաշվի չենք նստում, չենք լսում…

Բայց ինչպե՞ս լսենք, եթե մենք՝ հայերս, ախր շատ բարձր ենք խոսում…

ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Այսօր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Էդուարդ Աթայանի 80-ամյակն է (1932-2002):

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829