Կինովավերագրություն եւ ինտրիգներ՝ ըստ Գագիկ Հարությունյանի
Վերջերս Մոսկվայում ավարտված վավերագրական ֆիլմերի «Ռադոնեժ» 16-րդ միջազգային փառատոնի հեղինակավոր ժյուրին կինովավերագրող Գագիկ Հարությունյանին ճանաչել է լավագույն օպերատոր՝ «Հայկական հաց» նկարի համար (սցենարի հեղինակ՝ Արմեն Գասպարյան): Ժյուրիի աշխատանքները գլխավորել է Վ. Կրուպինը, ընդգրկված են եղել կինոարվեստի ճանաչված այլ դեմքեր՝ Յու. Արաբովը, Ա. Զոլոտուխինը, Տ. Իենսենը, Վ. Խոտինենկոն եւ ուրիշներ:
Ի՞նչ դիտանկյունից է ֆիլմում ներկայացված հայկական հացը ու, բնականաբար, միայն հացի մատուցման ու ներկայացման խնդիրը չէ, որ հուզել է ֆիլմարտադրողին, գուցե կան նաեւ ենթատեքստե՞ր: «Առավոտը» այս եւ այլ հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեց Գ. Հարությունյանին:
Մեր զրուցակիցը նախ նշեց, որ մրցանակը միջազգային ասպարեզում առաջինն է, հետո հայտնեց հետեւյալը. «Մեր ֆիլմում հացը ներկայացվում է որպես հոգեւոր սնունդ: Համառոտ բովանդակությունը սա է՝ ինչպես է հայկական տուֆը «գնում» Մոսկվա ու դառնում հայկական եկեղեցի: Ներկայացվում է նաեւ հնագետը, ով փորձում է պեղումներից գտնված կճուճի վրա վերականգնել բզկտված Հայաստանի քարտեզը: Այդ տաժանակիր աշխատանքում մասնագետին օգնում են մշեցի ծեր կնոջ հիշողությունները»:
Կարդացեք նաև
Ի վերջո, ո՞րն է հայի հոգեւոր հացը: Արվեստագետն ասաց, որ այդ հացը հողին կառչած արմատներն են, որոնք մեծ ողբերգություն են ապրել ժամանակին՝ Ցեղասպանության, մեր օրերում՝ արտագաղթի պատճառով…
Հարցին՝ իսկ ե՞րբ ֆիլմը «կմասսայականացվի», կինոօպերատորի պատասխանը հակիրճ էր. «Այն ժամանակ, երբ հայաստանյան TV-ները բարեհաճ կգտնվեն անդրադառնալու հայ վավերագրողների աշխատանքներին»:
Կինոօպերատորի հետ հանդիպման առիթից օգտվելով՝ նրան հիշեցրինք իր «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմի՝ 2000-ականների սկզբին հանած աղմուկի մասին, հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր պատճառը, գուցե ա՞յն, որ հայ հրամանատարը մա՞յր էր հայհոյել: Կինոօպերատորը նշեց, որ հրամանատարի հայհոյանքը չէր էլ մոնտաժվի, քանի որ «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմը հավաքված էր Ղարաբաղյան պատերազմի տեսանյութերից. «Գաղափարը կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանինն էր, ով հեղինակն է խորհրդային առաջին ֆիլմի («Խաչմերուկը»), որը 1970-ականների սկզբին Մանհեյմի միջազգային կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի»: Անդրադառնալով «աղմուկին»՝ Գ. Հարությունյանն ասաց, որ ավելի կարեւոր բաներից պետք է խոսել, քան աղմուկներն են: Առանց մանրամասնելու էլ ավելացրեց. «Երբ պատերազմում հաղթում է ժողովուրդը, գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են հաղթանակը «սեփականաշնորհել»: Մեր ֆիլմը դա թույլ չի տվել: Այսքանը»:
Կրկին դառնալով «Հայկական հացից» ֆիլմին, օպերատորը մի դրվագ հիշեց. «Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ գնալիս «հարեւանս», ով հոգեւոր թերթի գլխավոր խմբագիր էր, դարձավ ինձ, ասելով՝ ընդհանրապես մեր՝ ռուսների տեսանկյունից ձեր հայկական եկեղեցին աղանդավոր է, բայց քանի որ այն գոյություն ունի ոչ թե 100, 500, այլ շուրջ 2000 տարի, նշանակում է, որ Աստծուն դա ձեռնտու է…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ