Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորը «պրորաբ» չէ, թատրոնն էլ՝ արտադրամաս

Փետրվար 10,2012 17:56

ԳԱԿ-ի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի դիտարկումները՝ Մայր թատրոնի մասին

Սունդուկյանական քառամյա քաոսը վերջապես ավարտվեց, եւ հունվարի 9-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Տիգրան Գասպարյանը: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ԳԱԿ-ի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի հետ:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ սկզբունքով կատարվեց ընտրությունը, չէ՞ որ մինչ այդ բոլորովին այլ անուններ էին շոշափվում՝ Արմեն Էլբակյան, Վիգեն Չալդրանյան, Արմեն Մազմանյան, այդ թվում՝ նաեւ Ձեր անունը:

– Այդ խոսակցությունները այդպես էլ մնացին խոսակցության մակարդակի: Երեւի թատրոնի տնօրինությունն ընտրեց այն մարդուն, ով տվյալ իրավիճակում ի վիճակի կլիներ ղեկավարելու թատերական խումբը: Առհասարակ ես իմ պատկերացումներն ունեմ թատրոնի կառուցվածքի վերաբերյալ: Վաղուց արդեն ժամանակն է փոխել կառավարման՝ խորհրդային ժամանակներից մնացած, հնացած ու մաշված մոդելը:

– Իսկ Դուք ո՞ւմ էիք տեսնում գլխավոր ռեժիսորի դերում:

– Ոչ ոքի էլ չէի տեսնում, քանի որ, ինչպես ասացի, խնդիրը մենեջմենթի մեջ է: Պարզապես ղեկավարին փոխելով՝ թատրոնն առաջընթաց, միեւնույն է՝ չի ունենա: Իհարկե, կարեւոր է, թե ով է թատրոնի պատասխանատուն, բայց առավել կարեւոր է համակարգի փոփոխությունը: Այն փոփոխությունները, որ կատարվեցին 4 տարի առաջ, թվում էր՝ կբերեն նոր մոդելի գործածմանը, սակայն թատրոնի ղեկավարությունը հարմար գտավ աշխատել հին ձեւով:

– Գեղարվեստական ղեկավարի պաշտոնը փոխարինվեց գլխավոր ռեժիսորի «կոչմամբ»: Կարծում եք՝ սա որեւէ փոփոխություն կբերի՞ համակարգում:

– Բացարձակապես ոչ մի տարբերություն: Առհասարակ, ի՞նչ է նշանակում գլխավոր ռեժիսոր: Թատրոնը բանվորական հիմնարկ չէ, ռեժիսորն էլ «պրորաբ» չէ:

– Մայր թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ հայկական սերիալների «մաֆիոզի». որքանո՞վ են համատեղելի:

– Դա այնպիսի հարց է, որ ես իրավունք չունեմ կարծիք հայտնելու: Դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է: Միգուցե Տիգրան Գասպարյանը ժամանակի հետ հրաժարվի նկարահանումներից, քանի որ թատրոնի աշխատանքը հավանաբար շատ ժամանակ կպահանջի իրենից:

– «Ազատ բեմ» ստեղծելու գաղափարը արդյունավե՞տ եք համարում:

– Որպես գաղափար, այո, արդյունավետ էր: Սակայն հարց է, թե դա ինչպես է իրագործվում. մեզ մոտ փոքր-ինչ անհասկանալի էր այդ իրագործումը… «Ազատ բեմը» ենթադրում է մի թատրոն, որտեղ կա գեղարվեստական ղեկավար, ով հրավիրում է ռեժիսորների համագործակցելու, եւ լավ զարգացած տեխնիկական անձնակազմ: Մշտական դերասանական խումբ գոյություն չունի: Ընդհանրապես, աշխարհում կարծրացած թատերախմբեր մատների վրա կարելի է հաշվել: Մեզ մոտ նոր մոդելը չընդունվեց՝ բնական է, որ մարդիկ, տարիներ շարունակ աշխատելով մի սիստեմի մեջ, թատրոնն ընկալում են որպես իրենց տունը: Բայց փաստ է, որ նման վերաբերմունքը հանգեցնում է թատրոնի ճահճացմանը:

– Իսկ ի՞նչ ելք եք տեսնում:

– Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, եւ ի վերջո ակնհայտ պրոբլեմները կթելադրեն որոշակի փոփոխություններ: Որովհետեւ ճաք տված համակարգով հնարավոր չէ հեռու գնալ: Թատրոնը, ինչքան էլ որ իր մեջ ունի «տուն» հասկացությունը, պետք է այնքան ճկուն լինի, որ կարողանա տուն լինել տարբեր մարդկանց համար: Սա հնարավորություն կտա արվեստագետներին ինքնարտահայտվելու, գուցե նաեւ կստեղծի մրցակցություն, ինչն ավելի լավ արդյունքի կբերի եւ շահեկան կդառնա արվեստի համար:

– Ձեր «Լեգենդ Մակբեթի մասին» եւ մնացած այն ներկայացումները, որ բեմադրվեցին «ազատ բեմի» վրա, կշարունակե՞ն ցուցադրվել:

– Այո՛, համենայնդեպս, Սունդուկյանի ներկայիս ղեկավարությունը այդպիսի ցանկություն հայտնել է:

– Այսքան տարիների ընթացքում տարբեր գեղարվեստական ղեկավարներ է ունեցել Մայր թատրոնը՝ Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան, Վահե Շահվերդյան… Ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ օրոք է թատրոնն ամենահաջող շրջափուլն ունեցել:

– Դժվարանում եմ պատասխանել, քանի որ ես չեմ տեսել այնպիսի ժամանակաշրջան, որտեղ Մայր թատրոնն իդեալական վիճակում լիներ: Գուցե մինչեւ 80 թվականները եղել են ժամանակներ, երբ թատրոնը բուռն կյանքով է ապրել, բայց ոչ վերջին տարիներին:

ՍՈՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829