Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ

Փետրվար 10,2012 17:54

Լույս է տեսել ցմահ ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գիրքը:

16 տարի է, ինչ Մհերը ազատությունից զրկված է: Նրա երկու փախուստների՝ 2004թ. եւ 2009թ., համար ցմահ բանտարկությանը գումարվեց նաեւ 15 տարվա բանտային կալանքը: Մհերն իր անդրանիկ գիրքը նվիրել է մանկաբույժ մոըը՝ տիկին Վարդուհուն: Գիրքը վաճառվում է գրախանութներում, արժե 2000 դրամ, եւ ողջ հասույթը նվիրվելու է քաղցկեղով տառապող հայ երեխաներին:

Մհերն իր գրքում անդրադառնում է Հայաստանում ցմահ ազատազրկվածների խնդրին, ազատազրկվածների հոգեվիճակին, ապրումներին, նա, «Ես մեկն եմ Ձեզանից» ասելով, ուզում է յուրաքանչյուրը հասկանա, որ կա զուգահեռ հասարակություն եւ ինքն այդ զուգահեռ հասարակության մի մասնիկն է: Մհերը ինքնակենսագրական գրքի առաջաբանում գրում է. «Ուշադիր նայեք իմ լուսանկարներին. այնտեղ կա մանկություն, պատանեկություն…իսկ դրանից հետո մի մեծ ընդհատում է: Որտեղ են իմ կյանքի ակնթարթները: Մի՞թե չեմ ապրել…իմ նկարները բացակայում են 20 տարեկանից: 35 տարեկան եմ: Ինձ համարում եմ երիտասարդ: Բնավորությամբ ուրախ եւ օպտիմիստ մարդ եմ: Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ»: Ապագա բժիշկն իր ընթերցողի հետ անկեղծ է. «20 տարեկան էի: Սովորում էի Բժշկական համալսարանում, ցանկանում էի ապրել: Ես ասացի, որ փորձել եմ փրկել ընկերոջս կյանքը, երբ մյուսը սպանում էր նրան: Բայց նրանք ինձ չէին լսում, աչք էին փակում անգամ փաստերի վրա»:

Գրքում անդրադարձ կա նաեւ 2009թ. փախուստին, երբ Մհերը 32 օր մնաց ազատության մեջ, չկատարելով որեւէ զանցանք: Սակայն, ինչպես նա է գրում. «Մեծերի արդարադատությունն այս անգամ էլ մնաց կույր»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ ցմահ ազատազրկվածներից գրքեր են հրատարակել նաեւ Արմենակ Մնջոյանը, անգամ  բանաստեղծությունների գիրք` Նաիրի Հունանյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829