Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ծեծկռտուքը չլիներ, դպրոցականը չէ՞ր մահանա

Փետրվար 10,2012 17:51

Դերենիկ Գասպարյանի կյանքի իրավունքը խախտվել է

Համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության հետեւանքով մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա. Բաղդասարյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն ու գործը ուղարկել նախաքննության:

10-ամյա երեխան մահացել է 2010 թվականի հունիսի 5-ին, ՀՀ Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի քննության ժամանակ:

«Թեեւ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել այն, որ Դերենիկին դպրոցում համադասարանցիներ Իշխան եւ Վրեժ Հարությունյանների կողմից ծեծի ենթարկելը անմիջականորեն կապված է նրա մահվան պատճառահետեւանքային կապի հետ, սակայն քրեական գործը հարուցվել է ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ ծեծի հատկանիշներով»,- ասում է Արայիկ Զալյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից պարզվում է, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է շնչառական ու սիրտ-անոթային գործունեության սուր խանգարումների զարգացման հետեւանքով, որոնք կարող էին առաջանալ նաեւ հարվածներից: «Փորձագետի եզրակացության համաձայն՝ եթե ծեծկռտուքը չլիներ, Դերենիկ Գասպարյանը չէր մահանա»,- տեղեկացնում է իրավահաջորդի ներկայացուցիչը: Արայիկ Զալյանն ասում է, որ նախաքննության մարմնի կողմից Դերենիկ Գասպարյանի մահվան փաստի առիթով քրեական գործ չհարուցելով՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, ինչպես նաեւ կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

«Մի կողմից նախաքննության մարմինն ապացուցված է համարել ծեծի ենթարկվելու փաստը, մյուս կողմից՝ ծեծը որպես մահվան պատճառ, քննության չի առել, ինչը պարտավոր էր անել»,- բացատրում է Արայիկ Զալյանը:

Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել այն, որ Դերենիկի՝ դպրոցում մահացած լինելու հանգամանքը չի ենթադրում դպրոցի վարչակազմի պատասխանատվություն: «Դեպքը տեղի է ունեցել պետության կողմից երաշխավորված դպրոցում, որտեղ պայմանագրային փոխհարաբերություններով հստակ սահմանված են երեխաների եւ դպրոցի վարչակազմի իրավունքներն ու պարտականությունները: Երեխաների կյանքի համար պատասխանատվություն կրում է դպրոցի վարչակազմը»,-ասում է Զալյանը: Ըստ նրա՝ դպրոցում տեղի ունեցած պատահարը, որն ավարտվել է անչափահաս Դերենիկ Գասպարյանի մահով, ամբողջությամբ կախված է դպրոցի ադմինիստրացիայի անգործությունից:

«Քննությունը անցկացնելու պահին բուժակը դպրոցում չի եղել, քննիչը պարզել է, որ համատեղության կարգով բուժակը աշխատում է նաեւ այլ դպրոցում եւ այդ օրը զբաղված է եղել ուրիշ դպրոցում: Տվյալ ժամի պատասխանատու ուսուցիչը տեղում չի եղել, անգամ առաջին օգնությունը հավաքարարն է ցույց տվել»,- նշում է նա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829