Լրահոս
Օրվա լրահոսը

Տղայական «ռազբորկա՞», թե՞ հանցագործություն

Փետրվար 10,2012 17:49

Գյումրեցի դպրոցականը դասարանցուն փորձել էր կրակել ինքնաշեն գնդիկավոր հրացանով

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը ռազբորկա էր տեղի ունեցել Գյումրու թիվ 7 կրթօջախի 12-րդ դասարանի երկու տղաների՝ Ա. Հ.-ի եւ Ե. Խ.-ի միջեւ, որն ավարտվել էր բավականին տհաճ պատմությամբ: Մեր աղբյուրների պնդմամբ՝ այդ նույն դպրոցի ջոկատավարի տղան ինքնաշեն գնդիկավոր հրացանով կրակոցներ է արձակել ու վախեցրել համադասարանցուն, իհարկե՝ դպրոցի պատերից դուրս, բակում: Նրանց տարել էին ոստիկանություն, հարցաքննել, ավելին, ինչպես «Առավոտին» փոխանցեցին
Շիրակի մարզի դատախազությունից, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս պահին կատարվում է նախաքննություն՝ պարզելու, թե որն է եղել վիճաբանության պատճառը, արդյոք իրականում զենք օգտագործվե՞լ է, թե՞ ոչ: Մի՞թե մերօրյա աշակերտները զինված են դպրոց հաճախում, եւ ի՞նչ է կատարվել իրականում. ճշտելու համար այցելեցինք դպրոց ու պարզաբանումներ խնդրեցինք դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանից: Նշենք, որ սա Շիրակի մարզի ամենամեծ եւ հեղինակավոր դպրոցներից մեկն է, գտնվում է քաղաքի կենտրոնում՝ դատարանի շենքի դիմաց: Տնօրենը փոխանցեց, որ ինքը ականատես չի եղել, քանի որ տղաները վիճաբանել են դասերից հետո, դպրոցի շենքից դուրս, իսկ ինքը այս մասին տեղեկացել է ոստիկանությունից: Տնօրենի կարծիքով՝ աղմուկը բարձրացել է այն պատճառով, որ տղաները վիճաբանել են հերթափոխի ժամին՝ 13.30-ի սահմաններում, երբ առաջին հերթի աշակերտները ավարտում են դասերը, երկրորդ հերթի աշակերտությունն է գալիս, մի խոսքով՝ աչքի ընկնող ժամ է, դպրոցի բակը լի է ծնողներով: «Ոստիկանությունը ահազանգ է ստացել, եւ ոստիկանները շատ օպերատիվ, հենց այդ օրը եկել են դպրոց, քննել աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին: Դուրս գալով հետաքննության շահերից, քանի որ իրազեկ էլ չեմ եւ շատ բաներ չեմ կարող ասել, կարող եմ մի բան հաստատ ասել, որ այս աղմուկը ուռճացված է, անհարկի է, չի կարելի հեղինակավոր դպրոցի նկատմամբ այս պահը որպես սեւ PR օգտագործել: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում հասարակությունը կիրազեկվի ու կհամոզվի, որ ոչ մի արտառոց դեպք չի եղել, ուղղակի եղել է տղայական խոսակցություն՝ իր հետեւանքներով, եթե հետեւանքները հանցակազմ են պարունակում, ապա հետաքննությունը դա էլ կճշտի»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը: Նրա փոխանցմամբ՝ ինքն ամեն ինչով աջակցում է հետաքննությանը, քանի որ ամենաշատն է շահագրգռված, որ այս հարցին վերջակետ դրվի: «Իհարկե, շատ տհաճ է, որ կռիվ-վիճաբանություն է եղել, ո՞ր մի դպրոցի տնօրենը կուզենար, մանավանդ մեր դպրոցի պես մեծ հեղինակություն ունեցողը, որը միշտ շշմեցրել է իր հաջողություններով, ոսկե մեդալակիրներով, արտասահմանում սովորող երեխաների թվով, բայց որեւիցե մեկը պաշտպանված չէ նման դեպքերից՝ մանավանդ, որ շատ մեծ աշակերտական համակազմ ունենք»,- փոխանցեց Գագիկ

Կարապետյանը: Նա անգամ կատակեց, որ վերջերս ինքն է աչքով տվել իր դպրոցին. մանկավարժական խորհրդի նիստում հպարտորեն հայտարարել է, որ թեեւ իր ղեկավարած կրթօջախը ամենամեծ թվով աշակերտական համակազմն ունի Շիրակի մարզում, սակայն իր մոտ ոչ մի սարսափելի վեճ ու վիճաբանություն, որը կարժանանար հանրության ուշադրությանը, չի գրանցվել: «Լոկալ բաներ լինում են երեխաների մեջ, եթե տանը քույր ու եղբայր են վիճում, դպրոցում տարբեր երեխաներ են սովորում, չեմ ուզում իդեալականացնել դպրոցը, հասարակության պատկերն է դպրոցը, բայց թող անհամեստության մեջ չմեղադրվեմ, եթե ասեմ, որ շատ լավ, նորմալ դպրոց ունենք, կարճ ժամանակահատվածում դպրոցի հեղինակությունը կվերականգնենք, որը վնասվել էր այս դեպքով»,- խոստացավ տնօրենը: Նա թեեւ շեշտում է, որ որեւէ դպրոց ապահովագրված չէ նման տհաճ դեպքերից, այդուհանդերձ փառք էր տալիս Աստծուն, որ որեւիցե մեկը լրջորեն չի վնասվել:

Գագիկ Կարապետյանը նշեց, որ երկու տղաներն էլ նորմալ ընտանիքներից են, մինչեւ այսօր բացասական վարքագիծ չեն դրսեւորել. մեկը պատրաստվում է բժշկական համալսարան դիմել, մյուսը՝ Վազգեն Սարգսյանի ակադեմիա: Պարոն Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ դպրոցականները զինվա՞ծ են դպրոց գալիս: «Հետաքննությունը իր խոսքը կասի, բայց գազային ատրճանակ չի եղել տղայի մոտ, զինված դասի չեն եկել, նորից եմ ասում՝ կռիվը դրսում է եղել, բայց եթե հետաքննություն է գնում, թող հետաքննությունը պարզի եւ հաստատ կպարզի, որ գազային ատրճանակ չի եղել»,- վստահեցրեց տնօրենը: Նա կարծում է, որ պատժելը դաստիարակելու լավագույն միջոցը չէ, տղաներն էլ հանցագործներ չեն:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829