Պատերազմի եւ աշխատանքի վետերան Ռուբեն Ավետիսյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահին՝ հորդորելով առանց այդ էլ թվով շատ քիչ մնացած Հայրենական մեծ պատերազմի վետերաններին լավ նայել: Նրա խոսքերով, ինքը 4-5 նման բովանդակության դիմում արդեն ուղարկել է նախագահին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
«Ափսոսում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տարին մեկ անգամ են հիշում Հայրենական պատերազմի մասնակիցներին: Խնդրում եմ պետական հովանավորությունը 1941-1945թթ. պատերազմում հաղթողների նկատմամբ փոխել, օգնել, հոգատարությամբ վերաբերվել, քչերն են մնացել, չէ որ նրանք հասակն առած 85-90 տարեկան եւ բարձր տարիքի մարդիկ են: Ընդունեք օրենքներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում եւ մի քանի հանրապետություններում են ընդունել:
Խնդրում ենք նրանց վճարեք խորհրդային տարիներին խնայդրամարկղերում ներդրած ավանդները:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով սովետական բանակում ծառայող բոլոր զինվորականներին պարգեւատրել են 1941-1945թթ. պատերազմում հաղթողների մեդալով, ուստի նրանց բոլորին էլ համարել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ: Ցավալի է, որ այդ հանգամանքն անտեսվել է մեր հանրապետությունում: Այն զինվորականները, որոնք չեն մասնակցել պատերազմին՝ սահմանապահներ, տարբեր պետական եւ ռազմական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ռազմաճակատներին սնունդ, ռազմամթերք, հագուստ մատակարարող անձինք են, որոնք չեն համարվում պատերազմի մասնակից:
Խնդրում ենք Հայրենական պատերազմի մասնակիցներին անվճար բուժօգնություն տրամադրել եւ սահմանել անվճար դեղերի ցանկ, ուղեգրել հանգստյան տուն, թեթեւացնել կենցաղային սպասարկումների վարձը»,- ասում է Ռուբեն Ավետիսյանը:
«Առավոտ» օրաթերթ