Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատ տաքսիստների հարցը ձգձգում են

Փետրվար 10,2012 17:45

Տրանսպորտի եւ կապի  նախարարությունը նրանց խնդրին լուրջ չի՞ վերաբերվում

Շուրջ մեկուկես տարի է՝ անհատ տաքսու վարորդները պայքարում են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման մուտքի մոտ կայանման իրավունք ստանալու համար ու թեեւ կառավարության ներկայացուցիչները խոստացել էին մեկ ամսում հարցը կարգավորել, սակայն մինչ օրս տաքսիստները չեն կարողանում նշված հատվածում կայանել:

Օդանավակայանի նոր տերմինալը շահագործման հանձնելուց հետո, տաքսիստների համար նոր չափանիշներ սահմանվեցին՝ ժամանման սրահի մուտքի մոտ իրավունք ունեն կայանել միայն 2 տաքսի ծառայություններ՝ «Աէրո» եւ «Տուր»:

Նշենք, որ անհատ տաքսու վարորդները դժգոհում էին, որ իրենք եւս հավասար իրավունքներ ունեն վերը նշված տաքսի ծառայությունների պես, քանի որ տրանսպորտի եւ կապի նախարարությունից իրենք էլ ստացել են լիցենզիա եւ կարող են օգտվել տաքսու համար նախատեսված բոլոր կայանատեղիներից: Օդանավակայանի ղեկավարությունն էլ պարզաբանել էր, որ իրենք մրցույթ էին հայտարարել եւ պահանջ դրել՝ տաքսի մեքենաներն աշխատեն միայն բենզինով, որպեսզի բեռնախցիկները ազատ լինեն, ունենան օդափոխիչ համակարգ եւ այլն: Մրցույթը շահել էին «Աէրո» եւ «Տուր» տաքսի սերվիսները:

Այս առնչությամբ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին տրանսպորտի եւ կապի նախարարությունում քննարկում է եղել օդանավակայանի ներկայացուցչի, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանի միջեւ:

Գ. Դոստուրյանի խոսքերով՝ «Օդանավակայանի ներկայացուցիչը պնդում էր, որ այն մեքենաները, որոնք կցանկանան եւս տաքսի ծառայություն մատուցել այդ հատվածում, պետք է 3 տարվա մեքենա լինեն: Բայց անգամ քաղաքում տաքսի վարելու համար մեքենաների տարիքը սահմանված է 10 տարի, որն էլ առաջիկայում պետք է վերացնեն: Իսկ իրենք մեր վրա նման սահմանափակում են դնում: Մենք առաջարկեցինք՝ գոնե տարիքը դարձնեն 5 տարի: Բացի այդ, եթե իրենք պահանջում են, որ մեքենան բենզինով լինի, իբր բեռնախցիկն ազատ լինելու համար, որպեսզի ուղեւորների ճամպրուկները տեղավորվեն, մենք էլ ասում ենք՝ կան այնպիսի մեքենաներ, որ, ճիշտ է, գազի բալոնը տեղադրված է բեռնախցիկում, բայց այդ բեռնախցիկն այնքան մեծ է, որ մի քանի ճամպրուկ տեղավորում է»:

Նշենք, որ ուսումնասիրություններից պարզվել է, որ օդանավակայանը մրցույթի մասին ոչ բոլորին է իրազեկել: Ուստի տրանսպորտի եւ կապի նախարարությունն էլ որոշել էր, որ նոր մրցույթ պետք է հայտարարվի, սակայն մինչ այդ պետք է մրցույթի պահանջները փոխել: Ընդ որում՝ նախարար Մանուկ Վարդանյանն անձամբ էր խոստացել, որ մեկ ամսում խնդիրը կլուծվի: Գեւորգ Դոստուրյանի ներկայացմամբ՝ «Արդեն 3 ամիս է՝ դիմում եմ, որպեսզի հասկանամ, թե ինչ ընթացքում է գործը, ոչ մի բան չեն ասում, կամ էլ տրանսպորտի վարչության պետն ինձ պատասխանում է՝ դեռ բան չենք որոշել՝ դրա ժամանակը չի: Մեր ժամանակն ու հավեսը չունեն, բայց, փաստորեն, դրա արդյունքում անհատ տաքսիստները եւ այլ տաքսի սերվիսներ տուժում են: Ինչո՞ւ են սահմանափակում ուղեւորների ցանկությունը, կարող է ուղեւորն իր նախընտրած սերվիսն ունի եւ ուզում է, որ իրեն իր ուզած մեքենան ծառայություն մատուցի՝ իր ուզած գնով»:

«Առավոտն» այս առնչությամբ դիմեց տրանսպորտի եւ կապի նախարարություն, պարզելու, թե, ի վերջո, երբ է նրանց խնդիրը լուծվելու: Նախարարությունից մեզ պատասխանեցին՝ «Առայժմ ուսումնասիրություններ ու քննարկումներ են գնում»:

Քանի որ այս հարցի վերաբերյալ նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն էր խոստումներ տվել, որ խնդիրը կուսումնասիրեն, ուստի հանձնաժողովից էլ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ են արել: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից հայտնեցին, որ մրցույթի չափանիշների հետ կապված ոչ մի խախտում չեն արձանագրել. օդանավակայանը մենաշնորհային դիրք ունի եւ կարող է իր ուզած չափանիշները սահմանել: Սակայն հաստատեցին, որ մրցույթի հայտարարման առումով կան խախտումներ, բայց դրա վերահսկողության եւ շտկման գործառույթը վերապահված է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: Հանձնաժողովն էլ է դիմել քաղավիացիային, սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացել: «Առավոտի» հետ զրույցում այս կառույցից վստահեցրին, որ իրենք հանձնաժողովից ոչ մի նամակ էլ չեն ստացել եւ որ այդ հարցը իրենց հետ կապ չունի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829