Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մերժեց ընդդիմադիրների առաջարկը

Փետրվար 10,2012 17:35

Մեծամասնականի եւ համամասնականի խնդիրը կառավարություն-խորհրդարան ծիրին մեջ

Կառավարությունը երեկվա իր նիստում մերժեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու՝ ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ «Երկիր» էլեկտրոնայինի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր երկրում ընտրակարգը որոշվում է ոչ թե ըստ այն հանգամանքի՝ համամասնակա՞նը պետք է հարյուր տոկոս լինի, թե՞ մեծամասնականը, այլ՝ թե այդ երկրում ինչպիսի անհրաժեշտություն կա: Նախագծի ընդունումն, ըստ փոխնախարարի, ժամանակավրեպ է, քանի որ ընտրական գործընթացներն, ըստ էության, արդեն մեկնարկել են, եւ այս անցումը կարող է պարզապես խոչընդոտել այդ գործընթացներին:

Ըստ արդարադատության փոխնախարարի՝ մեծամասնական ընտրակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով. «Այն ունակ է ապահովել որոշակի կապ կոնկրետ պատգամավորի եւ տարածքի բնակչության միջեւ, ինչը զուտ կուսակցությունների պարագայում այնքան էլ հնարավոր չէ, որովհետեւ այնտեղ խոսքը համապետական մասշտաբով հանրության շահերի ներկայացման մասին է, ոչ թե կոնկրետ տարածքի կոնկրետ շահերի ներկայացման: Այս պարագայում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի զուգակցումը եւ մեծամասնականի պահպանումը, թերեւս, արդարացված է»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պատասխանելով «Առավոտի» մի քանի հարցերի՝ ասաց, թե իրենք դեռ քայլեր ունեն անելու եւ անգամ կառավարության բացասական եզրակացությամբ (հանձնաժողովի եզրակացությունը դեռ չկա, սակայն ենթադրվում է, որ այն եւս բացասական է լինելու) ընդդիմադիր խմբակցությունները դեռ ունեն շանս՝ օրինագիծը ներկայացնելու խորհրդարանին: Իսկ փետրվարի 15-ին նախատեսված են նաեւ խորհրդարանական լսումներ հենց այս թեմայի շուրջ:

Մեր զրուցակիցը ասաց, թե ցավում է, որ կառավարությունը մերժել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրինագիծը. «Ցավում եմ, որ եզրակացությունը եղավ բացասական, եւ կարծում եմ՝ այստեղ որոշակի անտրամաբանական վիճակ կա, որովհետեւ այսպիսի բանաձեւում առաջացավ այն, որ հանրապետությունում ձեւավորվել է կոնսենսուս մինուս մեկ վիճակ, այսինքն՝ կարծես թե բոլորի համար ընդունելի է, եւ ընդունելի չէ միայն Հանրապետական կուսակցության համար: Կարծում եմ՝ խոհեմ կլիներ, եթե ընդունվեր, որովհետեւ եթե ասում ենք՝ ժողովրդավարություն, ժողովրդավարությունը միայն ձեռք բարձրացնելով չի լինում, ժողովրդավարությունը ընդհանուր մթնոլորտի հետ հաշվի նստել է նշանակում, որովհետեւ եթե այսօր պարզ թվաբանությամբ կարելի է մերժել որեւէ որոշում, սա չի նշանակում, որ ամեն մի մերժում տրամաբանված է»:

Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ կառավարությունն ավելի խոհեմ կլիներ, եթե չմերժեր իրենց առաջարկը:

Ըստ Արտաշես Շահբազյանի՝ կառավարության մերժումը «շատ մեծ անակնկալ չէր, կարելի էր սպասել, որ նման հանգուցալուծում կարող է լինել, բայց մենք մտել էինք այս պայքարի մեջ՝ նկատի ունենալով, որ վերաբերմունքը կարող էր այսպիսին լինել: Սակայն մենք չենք սահմանափակվում սրանով, մեզ համար չավարտվեց հարցը»:

Արտաշես Շահբազյանը տեղեկացրեց, որ փետրվարի 15-ին կայանալիք խորհրդարանական լսումներին իրենք պատրաստվում են հրավիրել նաեւ արտախորհրդարանական ուժերին՝ հարցը կրկին քննարկելու համար. «Այնուամենայնիվ, ուզում եմ ակնկալել, որ ընդհանուր տրամադրությունները կարող են վիճակ փոխել, եւ մեր գործընկերները կհասկանան, որ այնուամենայնիվ չարժե հոսանքին հակառակ գնալ, երբ բոլորը այսպիսի տրամադրություն ունեն, եւ դու հակառակվում ես, որքան էլ բացառությունները գեղեցիկ եւ բազմազան հնչեն, այնուամենայիվ, տրամաբանությունն ասում է, որ կան ինչ-որ շահեր, որոնք ստիպում են չգնալ այն ճանապարհով, որը ընդունելի է մնացած բոլորի համար: Եվ երբ դու նաեւ իշխանական ուժ ես, սա առավել խոցելի է դարձնում քո տեսակետը»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ այնուամենայնիվ, պարզ է, որ ժամկետները քիչ են, եւ իրոք հնարավո՞ր է հասցնել կատարել օրենսդրական փոփոխություն ընտրություններից արդեն երկուսուկես ամիս առաջ՝ մեր զրուցակիցն  ասաց, որ իր կարծիքը հակառակն է՝ նա համոզված է, որ ժամկետները բավարար են, եւ լավագույն ցանկության դեպքում հնարավոր է հասցնել օրենսդրական փոփոխությունները. «Ինչո՞ւ ժամանակ չկա, կա, եւ կհասցնենք, անշուշտ, հասկանալի է, որ մեր առաջարկը դժվարության կհանդիպի, պատին դեմ կառնենք, բայց սա աշխատանք է, եւ եթե հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու, փորձենք անել, եւ եթե տեսնում եք՝ հաջողվեց, մի աննախադեպ համախմբում ստեղծել, հանրապետության բոլոր ուժերը՝ թե ընդդիմադիր, թե իշխանական, որոնք իրար կողքի այսպես չէին նստել, այսպիսի խայտաբղետ հավաքականությամբ, նստեցին եւ փորձեցին»:

Արտաշես Շահբազյանը համոզված է, որ ցանկության դեպքում հարցը կարելի է քննարկել նաեւ արտահերթության կարգով եւ հասցնել մինչ ընտրություններ կատարել «Ընտրական օրենսգրքի» համապատասխան փոփոխությունները:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829