Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ Լոռվա մարզն էլ որոշի անկախանալ եւ լյուստրացիա անել

Փետրվար 10,2012 17:40

ՀՀ արդարադատության փոխնախարարի համոզմամբ, անթույլատրելի է, որ նախկին ԽՍՀՄ-ին մաս կազմած Հայաստանում լյուստրացիայի մասին օրենք ընդունվի

Անցած շաբաթ ՀՀ խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի մասնակցությամբ, քննարկվել էր «Գաղտնազերծման ( լյուստրացիայի) մասին» «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ կառավարությունն այս օրինագծի առնչությամբ բացասական եզրակացություն էր ներկայացրել, իսկ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը օրենքի նախագծի քննարկումը 15 օրով հետաձգել էր:

Հիշեցնենք, որ սույն օրինագծով ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է իրավական սահմանում տալ գաղտնազերծմանը՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Առաջարկում է գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց եւ նրանց նախ՝ պաշտոնանկ անել, ապա՝ կանխել նրանց բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը:

Թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը դեմ այս օրինագծին՝ «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց ԱՆ փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: «Կառավարությունը  դեմ է այս օրինագծին երկու հիմնական պատճառով, որոնցից առաջինը պայմանավորված է  միջազգային իրավունքի սկզբունքներով, ըստ որոնց, Հայաստանի Հանրապետությունը  ԽՍՀՄ գոյության ժամանակ  նրա բաղկացուցիչ մասն  է կազմել: Այսինքն, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ԽՍՀՄ-ը չի դիտարկվում որպես այլ պետություն: Այն ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություններից մեկն էր: Այժմ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է՝ ԽՍՀՄ իրավահաջորդներից մեկը:

Մերժման երկրորդ փաստարկը սահմանադրա-իրավական հարթությունում է: Ըստ էության, օրինագծով առաջարկվում է արգելել մինչեւ 1991թ.- ն  կատարված մի գործունեություն, որն այն ժամանակ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ գործող օրենսդրության համաձայն, համարվում էր իրավաչափ: Եթե  անգամ հետեւենք օրինագծի հեղինակների տրամաբանությանը՝ այդ արգելքները կիրառելի եւ թույլատրելի լինելու մասով, ապա խնդիր է առաջանում՝ այդ արգելքներն ինչպե՞ս կարող են հետադարձ ուժ ունենալ այն դեպքում,երբ մեր Սահմանադրության 42-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է դա՝ արձանագրելով, որ  անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: Այսինքն, օրինագծի ամբողջ  տրամաբանությունն ուղղակի հակասության մեջ է մտնում մեր Սահմանադրության հետ: Միայն  այդ հիմքով արդեն իսկ կարելի է ասել, որ  այդ օրինագիծը չի կարող ընդունվել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, թե օրինագիծը ենթադրում է նաեւ սահմանադրական իրավունքի խախտում այնքանով, որքանով արգելվում է որոշակի կատեգորիայի մարդկանց որոշակի պաշտոններ զբաղեցնել:

Ինչ  վերաբերում է նախկին ԽՍՀՄ այլ, օրինակ՝ մերձբալթյան հանրապետությունների, նաեւ Արեւելյան Եվրոպայի՝ նախկին սոցճամբարի երկրների կողմից համանման օրենքի ընդունմանը, ապա Գրիգոր Մուրադյանի մատուցմամբ, դրանք պետք է տարանջատել երկու խմբի. «Դրանք, միջազգային իրավունքի տեսանկյունից, անկախ պետություններ են եղել եւ կան: Խորհրդային ճամբարի երկրներն անկախ պետություններ են: Մերձբալթյան երկրները, ըստ միջազգային հանրության, չեն ճանաչվել որպես ԽՍՀՄ-ի մաս, եւ պետությունների զգալի մասը ճանաչել է, որ նրանք օկուպացված են եղել ԽՍՀՄ կողմից: Ավելին, ԽՍՀՄ-ն ինքը անուղղակի նույնպես  փաստել է սա, երբ Մոլոտով-Ռիբենտրոպի հայտնի պակտը, որը հիմք է հանդիսացել ԽՍՀՄ կողմից այդ տարածքները զբաղեցնելու համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ճանաչվել է հակաիրավական: Հետեւաբար, որեւէ համեմատություն Հայաստանի իրավիճակի կամ կարգավիճակի եւ այդ պետությունների կարգավիճակի միջեւ չի կարող լինել: Բացառությունը միայն Վրաստանն է, որը նույնպես ԽՍՀՄ բաղկացուցիչ մասն էր, բայց ճանաչված չլինելով որպես ԽՍՀՄ կողմից օկուպացված կամ բռնազավթված երկիր, ինչ-ինչ պատճառներով հռչակել է, որ օկուպացված է եղել ԽՍՀՄ կողմից: Հայաստանի Հանրապետությունը երբեւէ իր նորագույն պատմության մեջ՝ իր անկախությունից ի վեր,  չի հռչակել, որեւէ կերպ չի հայտարարել, որ ինքը եղել է ԽՍՀՄ կողմից օկուպացված կամ բռնազավթված պետություն, կամ, որ եղել է ԽՍՀՄ գաղութը, որ այդ պետության կողմից որեւէ կերպ միջազգային իրավունքի խախտումով բռնակցվել է: Ուստի, եթե անձը աշխատել է իր պետության ազգային անվտանգության մարմինների համար՝ չի կարող դրա համար հետին թվով որեւէ ձեւով ենթարկվել պատասխանատվության, եւ սահմանադրական, մանավանդ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու այդ անձանց իրավունքները չեն կարող որեւէ կերպ սահմանափակվել»:

Փոխնախարարին հարցրինք՝ կարո՞ղ է  մատնանշել միջազգային որեւէ ակտ, որով ԽՍՀՄ վարչական, պետական սահմաններն այն ժամանակ չեն ճանաչվել, կամ որով մերձբալթյան պետությունների կարգավիճակը տարբերվել է ԽՍՀՄ մյուս հանրապետությունների կարգավիճակից: Երկրորդ՝ ի՞նչ կապ ունի ԽՍՀՄ-ի գաղութարար կամ ԽՍՀ-ների գաղութացված լինել-չլինելն այսօր քննարկվող օրինագծի հետ: Կամ արդյոք, ըստ փոխնախարարի, Հայաստանը շարունակում է մնալ ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի մաս: «ԽՍՀՄ-ը՝ որպես այդպիսին, ճանաչված է եղել միջազգային հանրության կողմից: Խոսքը միջազգային ակտի մասին չէ: Մի շարք պետություններ, օրինակ՝ ԱՄՆ-ն,  որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է, չեն ճանաչել միայն  մերձբալթյան երկրների իրավաչափ կերպով ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու հանգամանքը, եւ իրենք՝ մերձբալթյան երկրները անկախանալուց հետո հռչակել են իրենց՝ ԽՍՀՄ կողմից օկուպացված լինելու մասին»,- մեր հարցադրումներին ի պատասխան՝ հավելեց ԱՆ փոխնախարարը:

Նրա մեկնաբանությամբ, լյուստրացիայի խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ պետությունը հակառակ իր կամքին հայտնվել է այլ պետության տիրապետության ներքո, բռնազավթվել է ԽՍՀՄ կողմից. «Այս դեպքում է, որ առաջանում է լյուստրացիայի խնդիրը: Հակառակ դեպքում տրամաբանությունը կբերի նրան, որ, ֆանտաստիկ օրինակ բերեմ, եթե վաղը Լոռվա մարզը որոշի անկախանալ Հայաստանից՝ ինքը կարող է ասել, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցած բոլոր գործակալները օրենքից դուրս են»:

Կարծում եք՝ ձեր բերած օրինակը համարժեք եւ օրինաչափ օրինա՞կ է: Մեր այս դիտարկմանը Գ. Մուրադյանն արձագանքեց, թե օրինաչափ չէ, բայց անտրամաբանական է նաեւ այն պնդումը, որ եթե անձը ժամանակին համագործակցել է մեկ միասնական պետության ազգային անվտանգության  մարմինների հետ, ինչն այդ պետության ներսում եղել է իրավաչափ, հետագայում որպես այլեւս այդ միասնական պետությունից տարանջատված երկրի, տվյալ դեպքում՝ ՀՀ քաղաքացի, նրա գործունեությունը ենթարկվի գաղտնազերծման՝ առավել եւս այն դեպքում, երբ ՀՀ-ն որեւէ կերպ չի հայտարարել ԽՍՀՄ կողմից բռնազավթված լինելու մասին: «Եթե խոսքը լրտեսության մասին լիներ, այսինքն՝ այլ պետության համար աշխատելու, ապա դա քրեորեն պատժելի է եղել միշտ, եւ դրա համար անհրաժեշտ չէ լյուսրացիայի մասին օրենք ընդունել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ եթե նույնիսկ այս օրինագիծը պետք է ի հայտ գար, ապա դա պետք է լիներ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո, ինչպես դա արվեց մերձբալթյան երկրներում:

Բայց արդյոք ժամանակն այս օրինագիծն ընդունելու իմաստով մեծ կարեւորություն ունի՞: Ըստ Մուրադյանի՝ այո, որովհետեւ ՀՀ անկախացումից հետո ՀՀ-ն ոչ միայն չի հռչակել ԽՍՀՄ կողմից բռնազավթված երկիր լինելու մասին, այլեւ 1995-ին ընդունել է Սահմանադրություն, որում կա վերը հիշատակված 42-րդ հոդվածը. «Խոսել այն մասին, որ այն ժամանակ այդ արարքները, որոնք ժամանակին համարվել են օրինական՝ հիմա անօրինական են, իմ կարծիքով, անթույլատրելի է: Եթե այդ անձինք կամ նրանց մի մասը նույն բնագավառում չպետք է Հայաստանին հետագայում ծառայություններ մատուցեին, ապա այդ հարցը պետք է լուծվեր այն ժամանակ: Բայց երբ այդ անձինք կամ նրանց մի մասը շարունակում են Հայաստանին նույնպես նման ծառայություններ մատուցել, ապա այդ հարցը հիմա դնել, այն էլ այդպիսի կտրուկ լուծումների եղանակով, նշանակում է ուղղակի փլուզել մեր ներկայումս որոշակիորեն կայունացած ազգային անվտանգության համակարգը: Լյուստրացիան թույլատրելի կլիներ հատուկ սահմանադրական օրենքով կամ գոնե մինչեւ 1995թ. ընդունված Սահմանադրությունը: Իսկ հիմա սահմանադրական փոփոխություններ  են անհրաժեշտ, որպեսզի այս օրինագիծը Սահմանադրության տեսանկյունից  համարվի իրավաչափ: Ժամանակին մեր պետությունը լյուստրացիայի անհրաժեշտությունը չի տեսել, հիմա ինչ-ինչ քաղաքական շարժառիթներով, իմ գնահատմամբ՝ հիմնականում նախընտրական, այս հարցը որոշակի շրջանակներում դարձել է արդիական: Խնդրեմ, կան դրա լուծումները՝ սահմանադրական փոփոխություններ,  մեր միջազգային որոշ պարտավորությունների վերանայում եւ այլն: Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ այս խնդրին»:

Կառավարության մերժողական դիրքորոշումը չի՞ ենթադրում, որ ՀՀ կառավարությունը, իշխանությունները վախենում են օրինագծից, որովհետեւ այսօր էլ հնարավոր է, որ պետական բարձր պաշտոններում կան նաեւ այդպիսի՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցած անձինք: «Ամենեւին չեն վախենում, այլ փորձում են ոչ թե իրենց պաշտոններն ապահովագրել, այլ ապահովագրել  մեր ազգային անվտանգության գործունեության շարունակումը եւ մեր Սահմանադրության կիրառելի լինելու հնարավորությունը: Եթե հակառակ տեսակետի կողմնակիցներն ի զորու  են սահմանադրական փոփոխություններով լուծել այդ հարցը՝ թո՛ղ ձեռնարկեն այդ միջոցները: Ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ, կարծում եմ նաեւ՝արդեն քաղաքական տեսանկյունից, որ մեր հանրության զգալի մասը չի կիսում այդ տեսակետը: Եթե հիմա մեր գերխնդիրը լյուստրացիան է, ու մենք այլ խնդիրներ չունենք լուծելու, ուրեմն այդ անձինք թող իրենց հասու սահմանադրական հնարավորությունների շրջանակներում պայքարեն եւ հասնեն նրան, որ Սահմանադրությունը փոփոխվի, եւ սահմանադրական կոնկրետ դրույթները չկիրառվեն ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցած անձանց նկատմամբ: Եթե ոչ՝ ապա խոսել սրա մասին նշանակում է օդը տատանել: Եթե իրենք( օրինագծի հեղինակները) դա անում են գիտակցաբար՝ ափսոս են նրանց այն ջանքերը, որ ներդրվում են այդ հարցի լուծման ուղղությամբ: Եթե դա անում են ոչ գիտակցաբար՝ մենք փորձում ենք հուշել, որ դա անիմաստ է, քանի դեռ մենք ունենք գործող Սահմանադրությունը»,- հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829