Լրահոս
Օրվա լրահոսը

Կենաց-մահու կռիվ չէ

Փետրվար 10,2012 17:23

Կիրակի օրը Սպիտակում եւ Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Հետաքրքիր է լինելու Հրազդանում, որտեղ ՀԱԿ-ը դրել է ուժեղ թեկնածուի՝ ազատամարտիկ Սասուն Միքայելյանին: Նա փորձելու է, կիրառելով կոնգրեսական եզրաբանությունը, «ճեղքել քրեաօլիգարխիկ բուրգը»: Վերջին բառակապակցությունը, թերեւս, ճիշտ է, սակայն չեմ կարող չնկատել, որ ընդամենը 4 տարի առաջ պարոն Միքայելյանը այդ նույն «բուրգի» ներկայացուցիչն էր: Բայց Հայաստանում ընդդիմադիրների մեծ մասը նախկինում իշխանության մեջ էր, սակայն նրանք գտնում են, որ այդ ժամանակաշրջանում իրենց դրսեւորել են որպես կատարյալ հրեշտակներ: Դե, դա ոչ միայն հայաստանյան հիվանդություն է:

Կարծում եմ՝ Հայաստանում մի բան կփոխվի այն ժամանակ, երբ ընտրությունները, առավել եւս՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կդադարեն կենաց-մահու պայքարի ասպարեզ լինել: Օրինակ՝ տվյալ դեպքում Կոտայքի մարզպետը, իր անմիջական պարտականությունները թողած, լծվել է այդ պայքարին եւ իր պատվի ու, հավանաբար, հետագա պաշտոնավարության հարց է համարում Հրազդանի գործող քաղաքապետին կրկին իր պաշտոնում «անցկացնելը»: Այդպես չպիտի լինի՝ կառավարության կողմից նշանակված պաշտոնյան իր գործառույթներն ունի, քաղաքի կամ գյուղի բնակիչների կողմից ընտրված համայնքապետերը՝ իրենց: ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները դիտում են որպես «գլխավոր ճակատամարտի»՝ ԱԺ ընտրություններից առաջ, ամենավերջին փորձը՝ յուրահատուկ primaries, որտեղ ճշտվելու է ուժերի ներկայիս դասավորությունը: Դա բացարձակապես այդպես չէ. քաղաքապետը կուսակցական կռիվների հետ, իմ կարծիքով, չպիտի կապ ունենա: Այդ առիթով հիշեցի ավելի քան 10 տարի առաջ ֆիննական Լահտի քաղաքից ստացած իմ տպավորությունը: Սովորական ճաշարանում մեր հետեւից՝ սկուտեղը ձեռքին, կանգնած էր «սվիտերով» մի մարդ եւ համբերատար սպասում էր, թե երբ է մոտենալու դրամարկղին: Ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում, կողքը ոչ մի նազիր-վեզիր, առավել եւս՝ թիկնապահ չէր պտտվում: Ֆինն գործընկերները մեզ բացատրեցին, որ նա Լահտիի քաղաքապետն է: Այսինքն՝ մի մարդ է, որը մի քանի տարի պիտի հոգա իր համաքաղաքացիների կենցաղային հոգսերը, իսկ հետո գնա իր գործին: Եթե նման մտածելակերպով ես մոտենում պաշտոնին, ապա ընտրություններում պարտվելը եւ աթոռը ուրիշին զիջելը բացարձակապես ողբերգություն չէ: Մյուս կողմից էլ՝ ընտրվելն էլ «բուրգ ճեղքել» չէ, ընդամենը իր համաքաղաքացիների որոշակի բեռը իր վրա վերցնել է:

Հիմա ինձ համար կարեւո՞ր է, թե որտեղից է Երեւանի քաղաքապետը՝ ՀՀԿ-ի՞ց, թե՞, ասենք, Մարքսիստական կուսակցությունից: Ինձ համար կարեւոր է, որ նա այս եղանակին փողոցներում աղ ու ավազ ցանի: Ցավոք, դա բավարար չափով չի արվում մայրաքաղաքում: Պատկերացնում եմ, թե ինչպիսին է վիճակը Հրազդանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829