Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տնօրենը քարոզչություն է անում ՀՀԿ օգտին

Փետրվար 10,2012 11:55

Քաղաքացիներից ահազանգ էինք ստացել, որ Երեւանի թիվ 112 մանկապարտեզի ՀՀԿական տնօրենը մանկապարտեզ հաճախող բոլոր երեխաների ծնողներից պահանջել է գրանցվել ՀՀԿի համակիրների ցուցակում։

Լավ հասկանալով, որ տնօրենը դժվար թե լրագրողին պատմի, թե իրականում ինչի համար է դա արել, որոշեցի դիմել լրագրողական մի հնարքի, որն ընդունված է նաեւ միջազգային պրակտիկայում։ Զանգահարեցի Երեւանի թիվ 112 մանկապարտեզ եւ, ներկայանալով որպես ՀՀԿ գրասենյակի աշխատակից, զրուցեցի տնօրեն Թագուհի Դիլանյանի հետ։

Տիկին Դիլանյան, ես զանգում եմ էդ ցուցակների հետ կապված, ՀՀԿից եմ, ուզում ենք ստուզել՝ ո՞նց է ընթանամ գործընթացը, ի՞նչ եք արել էդ առումով։

– Դե ի՞նչ ենք արել, աշխատում ենք։ Մանկապարտեզը վերանորոգման ա կանգնել, ասել եմ՝ ՀՀԿ-ն ա արել, գույքը ձեռք ենք բերել, ասել եմ՝ Հանրապետականն ա օգնել, ծնողներին, բոլորին… Հիմա ժողով պիտի անեն թաղապետարանում… Բոլորին ասել ենք՝ ով ինչ բողոք ունի, ասեք միանգամից։ Ծնողներին պիտի հավաքեմ ժողով եւ ասեմ, որ դժգոհություններն էլ ասեք, ինչից եք գոհ՝ ասեք, որ ամեն ինչը իրենք կարողանան ասել, որ քննարկենք, տեսնենք ինչ ա։ Էդ ա մեր գործը, բոլորին էլ պրոպագանդա ենք անում, որ անցնեն Հանրապետական կուսակցություն, քանի որ մեր նախագահի կուսակցությունն ա։

Բայց ո՞նց ենք համոզվելու։ Ընտրելո՞ւ են հաստատ։

– Հա, էդ համոզվելը… Ես էլ համոզված չեմ, ես իսկի իմ ընտանիքի անդամի վրա համոզված կարամ չլինեմ, կարող ա ինձ ասի՝ ընտրելու եմ, հետո գնա չընտրի, ո՞նց իմանամ, որ հաստատ կընտրեն։ Պետք ա ես իր կողքը լինեմ, որ հաստատ տեսնեմ՝ ընտրո՞ւմ է, թե ոչ։ Կարող է իմ երեխան ասի՝ հա, տիկին Թագուհի, ես կընտրեմ Հանրապետական, բայց գնա ընտրի ուրիշ կուսակցություն։ Սենց ասում են՝ հա, մենք հանրապետական ենք:

Հ.Գ. Ինչպես երեւում է, տնօրենը նախակրթական ուսումնական հաստատությունում՝ մանկապարտեզում ուղղակիորեն քարոզչություն (իր բառերով ասած՝ պրոպագանդա) է իրականացնում Հանրապետական կուսակցության օգտին։ Սրանից հետեւություն, որ նա կամ տեղյակ չէ «Հանրակրթության մասին» օրենքին կամ իր շեֆերի հրահանգով շրջանցում է օրենքը։ Իսկ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում ասվում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել  քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»։

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829