Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովը Բրյուսելում քննարկել է Ղարաբաղի հարցը

Փետրվար 10,2012 11:52

«Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր։ Այն մեր դարպասն է դեպի Ասիա», – հինգշաբթի օրը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո։ 

Ադրբեջանի արտգործնախարարը Բրյուսել էր մեկնել Եվրոպայի ամենաընդարձակ եւ ազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով, երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար։

Ինչպես տեղից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը, եվրոպացի պատգամավորները Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության ամրապնդմանն ու առաջիկա ընտրություններին։

Հիմնական հարցերը, սակայն, վերաբերել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Եվրոպացի պատգամավորները, մասնավորապես, հիշատակել են տարածքային երկարատեւ հակամարտությունը հարթելու՝ գերմանացիների եւ ֆրանսիացիների հաջող փորձը, եւ կոչ արել հետեւել դրան։

Ի պատասխան, Մամեդյարովը կրկին ընդգծել է՝ առաջընթացի համար նախ անհրաժեշտ է հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից»։

«Մենք ընդունում ենք, որ պետք է կարգավորվի նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները վերադառնան իրենց կորցրած բնակավայրեր, քանի որ հնարավոր չէ կարգավորել այս հարցը եվրոպական չափանիշներին համապատասխան՝ առանց հաշվի առնելու այն ադրբեջանցիների կարծիքը, որոնք ժամանակին ապրել են այնտեղ», – պարզաբանել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Մամեդյարովը նշել է, որ անցած տարվա ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ակտիվ ջանքեր են գործադրել կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով եւ կողմերին են ներկայացրել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը։

«Ցավոք, սակայն, հայկական կողմը մերժեց փաստաթուղթը, եւ այժմ բանակցությունները փակուղի են մտել», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավաստիացնելով․ – «Պաշտոնական Բաքուն հավատարիմ է խնդրի կարգավորմանը եւ վստահ, որ լավ հարեւանությունը երկրի եւ տարածաշրջանի զարգացման կարեւոր նախապայմաններից մեկն է»։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829