Երեւանը, որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, չի ունենալու նոր գրախանութ, եւ իմ երազանքը չի իրականանալու, ընդհակառակը՝ մի տեսակ հավաստի տագնապ ունեմ, որ մենք դեռ տեսնելու ենք մնացյալ գրքի տների անկումը, որովհետեւ նոր գրախանութ ունենալու համար քաղաքում պիտի ապրեն մարդիկ, ովքեր, բացի ապրելուց ու ապրածը գիտակցելուց, չեն կորցնում հետաքրքրությունն ու պատրանքը ապրածի ու դրա գիտակցման հանդեպ:
Ծիծաղելի է մի տեսակ՝ եթե գրախանութները փակվում են, ուրեմն մեղավոր են հազարամյակները, գրատպության աստվածը, Ալեքսանդրիայի այրվող գրադարանի լույսը, տատս, սովետը, նոր ժամանակները, համացանցը, բայց մենակ ոչ մարդիկ, ոչ էլ պետություն ասվածը, որ ջանք ու եռանդ չի խնայում կողպեքներ արտադրելու հարցում։
Իմ երազանքը չի իրականանալու՝ Երեւանում գրքի տուն ոչ ոք չի բացելու, եւ այս երազանքը սովորական մի էգոիստի երազանք է, ով ոչինչ չի արել ու չի կարողանում անել իր երազանքը շոշափելի դարձնելու համար։
Արամ ՊԱՉՅԱՆ
«Հրապարակ»