Երեւանի մամուլի ակումբի բյուլետենի համաձայն՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը փետրվարի 2-ին բավարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բողոքն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի:
ԽԱՊԿ-ն ՀՌԱՀ-ին խնդրել էր տրամադրել հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները, որոնք նրանք ներկայացրել էին 2010 թվականի դեկտեմբերին ամփոփված մրցույթում: Իսկ ՀՌԱՀ-ը պատասխանել էր, թե չեն կարող տրամադրել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: Եվ անցած տարվա ապրիլի 11-ին ԽԱՊԿ-ն դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՌԱՀ-ին տրամադրել տեղեկատվությունն ամբողջական ծավալով:
2011 թվականի սեպտեմբերի 27-ին դատարանը մերժել էր հայցը՝ պատճառաբանելով, որ «Տեղեկատվության ազատության օրենքի համաձայն»՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն պարունակում է, մասնավորապես, առեւտրային գաղտնիք:
Վերաքննիչ դատարանն այդ որոշումը գնահատել է չհիմնավորված եւ հայցը վերադարձել քննարկման: Դատարանի որոշման մեջ նշված է, թե ընդհանուր իրավասության դատարանը ՀՌԱՀ-ից չէր պահանջել ապացույցներ, որ հայցվորին հետաքրքրող տեղեկատվությունը պարունակում է առեւտրային գաղտնիք: