Բրյուսելում գտնվող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ միասին մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական համաժողովին՝ «Առավոտին» հեռախոսով հայտնեց. «Երեկ ուշ երեկոյան ԵԺԿ նախագահությունը քննարկեց հայկական կուսակցությունների անդամության հարցը եւ դրական եզրակացությամբ՝ հարցը փոխանցեց այսօր ԵԺԿ քաղաքական վեհաժողովի քննարկմանը:
Նիստը մեկնարկել է մեկ ժամ առաջ, հարցն օրակարգում է այժմ, եւ րոպե առ րոպե սպասում ենք այդ հարցի քննարկմանն ու իրենց որոշմանը: Օրակարգում էլի հարցեր կան՝ տարեկան հաշվետվություն, EPP գագաթնաժողովի արդյունքներ եւ ընթացիկ այլ խնդիրներ: Դրանց թվում է նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի անդամակցության վերջնական հարցի որոշումը»:
Բրյուսելում են գտնվում ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: ԲՀԿ-ն, որը նույնպես անդամակցության հայտ էր ներկայացրել, հրավեր չի ստացել:
Քիչ առաջ պրն Աշոտյանը հայտնեց, որ Երեւանի ժամանակով 19.52-ին սկսվեց հայաստանյան կուսակցությունների անդամակցության մասին հարցի քննարկումը: Շուրջ կես ժամ տեւած քննարկումից հետո հայկական երեք կուսակցություններն էլ դարձան ԵԺԿ անդամ:
Կարդացեք նաև