Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. կառավարությունը պայքարում է, որ օտարերկրացիները Հայաստանում չօգտվեն սուրոգատ մայրությունից

Փետրվար 09,2012 18:22

ՀՀ կառավարությունը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարել եւ արգելել օտարերկրացիներին՝ Հայաստանի Հանրապետությունում օգտվել փոխնակ մոր ծառայությունից: Նշենք, որ գործող օրենքն առաջարկվել էր արդարադատության նախարարության կողմից, երբ նախարար էր Դավիթ Հարությունյանը: Այժմ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ փորձում է պաշտպան կանգնել իր հեղինակած օրենքին՝ կառավարությանը ներկայացնելով մեկ այլ նախագիծ:

Կառավարության նախորդ նիստում պարոն Հարությունյանի նախագիծը մերժվել էր՝ պատճառաբանությամբ, որ պատգամավորի այդ նոր նախագծով թույլատրվում է փոխնակ մայրությունն օգտագործել առեւտրային նպատակով:

«Կարծում եմ, կառավարության մոտեցումը շատ խոցելի է: Նախ՝ իմ համոզմամբ՝ կառավարության մոտեցումը չի արգելում կոմերցիոն փոխնակ մայրությունը, այլ ընդամենը փորձում է սահմանափակել օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սուրոգատ մայրությունից օգտվելը: Սա ամենեւին չի լուծում սուրոգատ մայրության հարցը: Եվ սա, իմ կարծիքով, կոպիտ սխալ է: Ցանկացած ոք կարող է հանդես գալ որպես սուրոգատ մայր, իսկ կառավարությունը փորձում է դա սահմանափակել. դա անհասկանալի, անիմաստ եւ իր նպատակին չհասնող նախագիծ է,– մեր զրույցի ընթացքում ասաց պրն Հարությունյանը:- Ի վերջո, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարող է լինել կոմերցիոն, այսինքն՝ նրանք կոմերցիոնի դեմ չեն պայքարում, նրանք ընդամենը պայքարում են, որ օտարերկրացիները չգան Հայաստան՝ սուրոգատ մայրությունից օգտվելու համար»:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ՝ հենց իր առաջարկած նախագծում կան դրույթներ, որոնք արգելում են փոխնակ մայրության որեւէ կոմերցիա. Օրինակ՝ այդ մասին գովազդելը կամ որեւէ մեկը միջնորդություն անի՝ փոխնակ մայրեր ապահովելու համար եւ այլն:

Թեմայի վերաբերյալ մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829