Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հողը մշակելու համար պետական սահման պետք է անցնել

Փետրվար 09,2012 18:09

Վրաստանի հետ սահմանակից Դեղձավանում հողերի չափագրումների հետ կապված խախտումները բազմաթիվ են, ինչի պատճառով գյուղացիների միջեւ լարվածություն է: Փետրվարի 7-ին Դեղձավան համայնքի ղեկավար Ռուբիկ Հովհաննիսյանը գյուղ այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ներկայացրեց իրավիճակը.

Մարդ 20 տարի մշակել է հողը, հիմա քարտեզով պարզվել է, որ դա հարեւանինն է, կարող է դանակահարություն լինել:

Մարզպետն ասաց, թե կադաստրային քարտեզի տակ ստորագրել է նաեւ համայնքի ղեկավարը եւ գյուղապետից հետաքրքրվեց, թե 5-6 տարի առաջ կատարված քարտեզագրման ժամանակ ինչո՞ւ գյուղացիները չեն ճշտել իրենց հողակտորների սահմանները: Գյուղապետը տեղեկացրեց, որ իրենք գյուղապետարանի առաջ մի ամիս շարունակ համապատասխան հայտարարություն էին փակցրել, սակայն գյուղացիներն այդ ժամանակ Բագրատաշենի շուկայում առեւտրով էին զբաղված: Հողերի սահմանների ճշտմանը խանգարում է նաեւ այն, որ 90-ական թվականների սկզբին յուրաքանչյուր դեղձավանցի 7-8 տեղ փոքր հողակտորներ է սեփականաշնորհել:

Հողերի հետ կապված խնդիր կա ոչ միայն համայնքի ներսում: 50 հա հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Նման իրավիճակը գոյություն ունի 2007 թվականից:

Մարզպետ Ա. Ղուլարյանն ասաց, որ կա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականը` փշալարից անդին սեփականաշնորհված հողեր ունեցող դեղձավանցիներին փոխհատուցել, տալով գյուղի տարածքում գտնվող այլ հողեր:

Գյուղապետն ասաց, որ դեղձավանցիները համաձայն չեն նման ձեւով փոխհատուցմանը, քանի որ փշալարից այն կողմ գտնվող տարածքներն ամենաբերրի հողերն են: Նրանք ակնկալում են այդ հողերի համար պետությունից ստանալ դրամական փոխհատուցում:

Ընդհանուր առմամբ այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե: Իսկ փոքր համայնքի բյուջեն դրանց կարիքը շատ ունի: Դեռեւս 1994 թվականից գոյացել են հողի հարկի պարտքեր, որոնք ներկայումս կազմում են 2 միլիոն 902 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829