«Տեղական ընտրություններ. ԱԺ ընտրությունների վարժա՞նք»թեմայով քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչ, ՀԱԿ-ի անդամ Սարգիս Թամազյանն իշխանություններին մեղադրում էր Հրազդանում երեք օր հետո կայանալիք քաղաքապետի ընտրությունները կեղծելու մտադրության մեջ, իսկ նրա ընդդիմախոս ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՀԱԿ-ին երեսով տվեց, որ իր հայրենի Սպիտակում ՀԱԿ-ը թեկնածու չունի նույն փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Այսինքն, մեկն առաջադրվել է, սակայն մեկ շաբաթ առաջ հանել է թեկնածությունը: Պարոն Սահակյանը դա բացատրում էր նրանով, որ ընդդիմությունը հասկացել է, որ շանսեր չունի, եւ քանի որ այդ թեկնածուն շատ քիչ ձայն կհավաքեր ու այդ փաստը ԱԺ ընտրությունների նախաշեմին վատ կանդրադառնար ՀԱԿ-ի վրա, որոշեցին հանել թեկնածությունը, որպեսզի նախապես պարզ չլինի, թե որքա՞ն են այդ քաղաքական ուժի շանսերը համապետական ընտրություններում, եւ կարողանան ԱԺ ընտրությունները որակավորեն որպես «կեղծված»:
Ի պատասխան ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սարգիս Թամազյանն ասաց, որ ՀԱԿ-ը պարտավոր չի բոլոր տեղական ընտրություններին մասնակցել. «Սպիտակի կառույցում որոշեցին, որ պետք է Անդրանիկ Նիկողոսյանը դնի իր թեկնածությունը, բայց հետո հաշվարկեց, որ չեն կարող: Սպիտակը բան չի որոշում, Սպիտակը տալիս եմ ամբողջությամբ ձեզ»: Ավելին, ըստ պարոն Թամազյանի` «Որոշեցինք, որ անիմաստ է պայքարը: Այս իշխանության պայմաններում տեղական ընտրությունները անիմաստ են, կանխորոշված են»: Եվ հետո կոչ անելով «թողնել Սպիտակը, խոսել Հրազդանից», ներկայացրեց «այն նշանակությունը, այն կարեւորությունը, որ ունի Հրազդանի ընտրությունը», որտեղ Սասուն Միքայելյանը որոշել է «ճեղքել» իշխանության քրեաօլիգարխիկ բուրգը, եւ ինքը հավատում է, որ դա այդպես էլ կլինի: