Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սիրունյան. «Դե թող ձեռագիր ցուցմունքներս հրապարակեն»

Փետրվար 09,2012 16:43

«Այդ հրապարակման մեջ խեղաթյուրված են իմ նախաքննական ցուցմունքները: Ես պատրաստ եմ իմ տված ցուցմունքներն ամբողջությամբ տրամադրել մամուլին, դրանք իմ ձեռքի տակ են, եւ ինքներդ կհամոզվեք, որ դրանք խեղաթյուրված են»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված իր նախաքննական ցուցմունքներին, ասաց «7-ի գործով» կալանավորված Սուրեն Սիրունյանը, որն այժմ հեռակա «հակամարտության» մեջ է ՀԱԿ-ի հետ եւ արդեն իսկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հետ վերցնելու իր դիմումը:

Ըստ Սիրունյանի, ՀԱԿ-ի «շահը սպասարկող» լրատվամիջոցները նմանվում են 2003-2005 թվականների «Հայլուրին». «Հայլուրականների ոճով փորձում են վարկաբեկել այն մարդկանց, ովքեր այսօր հրաժարվում են ՀԱԿ-ից: Նրանք նույն կերպ վարվեցին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ եւ տարբեր քաղաքական գործիչների, ովքեր ՀԱԿ-ի հետ անհամաձայնություններ ունեին»: Մամուլում հրապարակված իր նախաքննական ցուցմունքների համաձայն, Սուրեն Սիրունյանն ասել է, որ հանրահավաքները կազմակերպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը մատուցվում է, իբրեւ «գործ տալ»: Սիրունյանն ասաց, որ ինքը վատ բան չի տեսնում իր այդ ասածի մեջ ու տարակուսեց. «Ուրեմն՝ Տեր-Պետրոսյանը չի կազմակերպել, Արտաշես Գեղամյանն ա կազմակերպել: Ինչի՞ց եք կառչել: Ընդհանուր ցուցմունքից վերցրել են ինչ-որ մի կտոր, սկզբի մասն ընդհանրապես չեն գրել, ինչ-որ իբր «հարմար» մասեր են հրապարակել: Դե թող ձեռագիր ցուցմունքներս հրապարակեն: Որովհետեւ ձեռագիր ցուցմունքներումս ընդհանրապես նման բաներ չկան»:

Ըստ Սիրունյանի, հրապարակված հատվածում ինքն իրականում պատասխանելով քննիչի հարցին՝ հերքել է, որ ինքը որեւէ անկարգություն է կազմակերպել: Ապա քննիչի հաջորդ հարցին, թե կազմակերպել է անկարգություններ, ապա փախել Հայաստանից՝ Սիրունյանը պատասխանել, է, որ եթե ինքը որեւէ հանցանք կատարած լիներ ու լքեր Հայաստանը, ապա իր ընտանիքն էլ իր հետ կլքեր երկիրը. «Ես ասել եմ. «Տեղի ունեցածի համար չէ, որ ես հայտնվել եմ Վրաստանում: Այն մթնոլորտը, որը տիրում էր Մյասնիկյանի արձանի հրապարակում, ինձ դուր չէր գալիս եւ ես որոշեցի, որ այս մթնոլորտում պետք է չլինեմ Հայաստանում: Մթնոլորտ ասելով հասկանում եմ այն, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից կրակոցներ եւ պայթյուններ էին լսվում, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովուրդն էլ շատ անհանգիստ էր»:

Սիրունյանը նաեւ «նորմալ» է համարում Արարատ Զուրաբյանի մասով իր տված ցուցմունքը եւ չի հրաժարվում դրանից. «Քննիչները ձայնագրություններ են դրել, որ կոնկրետ մարդիկ ինձ գումար են տալի, որպեսզի գնամ այդ փայտերը բերեմ: Ու ասում են, որ ինձ մոտ 13-14 միլիոն դրամ կամ ավելի շատ գումար է եղել: Ես ասում եմ, որ 360 հազար դրամ են ինձ տվել եւ նկարագրում եմ այդ մարդուն: Այսինքն՝ սխալ ե՞մ արել, որ գումարի չափը քի՞չ եմ ասել»:

Ի դեպ, այսօր էլ հրապարակվել է Աշոտ Աբովյանի նախաքննական ցուցմունքներից մի հատված: Սուրեն Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կապ կա իր եւ Աշոտ Աբովյանի միջեւ: Պատասխանը եղավ. «Ես տեղյակ չեմ թե Աշոտ Աբովյանն ով է: Աշոտ Աբովյան անուն-ազգանունով մարդ ես չեմ ճանաչում: Թերթին ինֆորմացիա տված մարդիկ այնքան են բթացել, որ ինչ-որ հրապարակումներով փորձում են մարդկանց մոտ թյուր կարծիք ստեղծել: Աշոտ Աբովյանը միգուցե իրե՞նց շրջապատից է, որը խնդրագիր է գրել Սերժ Սարգսյանին: Իմ ընկերներից որեւիցե մեկը Սերժ Սարգսյանին խնդրագիր չի գրել՝ իր ազատության դիմաց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829