«Տեղական ընտրություններ. ԱԺ ընտրությունների վարժա՞նք»` այս թեմայով էր այն քննարկումը, որն այսօր կազմակերպել էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:
Քննարկմանը ներկա էին եւ իշխանության ներկայացուցիչը` հանձին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի, եւ ընդդիմության ներկայացուցիչները`ՀՀՇ-ական Սարգիս Թամազյանն ու «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Բնականաբար, քննարկումն անմիջապես կապվեց երեք օրից` փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների հետ: Եթե Հովհաննես Սահակյանը ոչ մի արտառոց բան չէր տեսնում նրանում, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածուին բացեիբաց պաշտպանում են երկրի նախագահը` Հրազդան կատարած այցելությամբ, Կոտայքի մարզպետը, եւ այլն, ապա ՀԱԿ-ի ներկայացուցիչը համոզված էր, որ այդ աջակցությունն ապօրինի է:
Ավելի ճիշտ, երբ Հովհաննես Սահակյանը բացատրեց, որ Սերժ Սարգսյանը Հրազդան էր այցելել ոչ աշխատանքային օր եւ որպես Հանրապետական կուսակցության ղեկավար, պարոն Թամազյանը համաձայնվեց` «այո, Սերժ Սարգսյանի այցելությունը անօրինական չէր, բայց Կովալենկո Շահգելդյանի արածն է անօրինական», ու օրինակներ բերեց մամուլից, որ մարզպետարանում բացահայտորեն քարոզում են հօգուտ իշխանության թեկնածուի` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, եւ ավելին, արդեն կան դեպքեր, երբ մարդիկ են աշխատանքից ազատվել ընդդիմության թեկնածուին` Սասուն Միքայելյանին աջակցելու համար: Ըստ պարոն Թամազյանի` մարզպետարանում օգտագործում են վարչական լծակները եւ «գործարաններում ժողովներ են անում եւ հայտարարում են` Սասունին եթե ձայն տաք, կամ կողքը տեսնենք` գործից կհանենք»: Չնայած պարոն Թամազյանը վստահ է, որ այս պարագայում ավելորդ է խոսել այն մասին, որ իշխանությունն ունի քաղաքական կամք` նորմալ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար, սակայն, միեւնույն ժամանակ նա հավատում է, որ ամեն դեպքում Սասուն Միքայելյանը կկարողանա «խփել իշխանության բուրգին եւ ճեղք առաջացնել»:
Կարդացեք նաև
Ի դեպ, Լարիսա Ալավերդյանն էլ հայտնեց, որ «Ժառանգությունը» արդեն իսկ հայտարարել է, որ սատարում է Սասուն Միքայելյանին` Հրազդանի ընտրություններում: