Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին «Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԱԿ) և ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ): Նրանք քննարկեցին «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրենքի նախագծին առնչվող խնդրահարույց հարցեր: Օրենքի նախագծի` ընտրություններից առաջ քննարկման դնելը վերջին օրերին մեկնաբանվեց, թե այն թաքնված նպատակ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանխիկ գործարքները վերահսկելու: Արդյունքում առաջացավ կոալիցիոն գործընկերների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ առճակատում:
Այս մասին Հ. Հակոբյանը նշեց. «Դեմ եմ առճակատում, «Բարգավաճի կանխիկ գործարքների վերահսկում» սահմանումներին: Այսօր Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, որոնցից հարյուր տասը հազարը գործարարներ են: Ուստի այդ օրենքը միայն «Բարգավաճի°ն» պիտի վերաբերեր: Օրենքը վերաբերում է ՀՀ–ում բոլորին, ոչ թե միայն «Բարգավաճին» կամ Հանրապետականին: Օրենքի նման տեսքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ էր եւ չքվեարկեց, դրա համար էլ օրենքը չանցավ: Մեկ այլ տեսքով օրենքի քննարկումը կշարունակվի ԱԺ-ում, եւ մենք կընդունենք այն»:
Հ. Հովհաննիսյանն էլ հակադարձեց. «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական ակցիա արեց: Նա ոչ թե չքվեարկեց, այլ լքեց դահլիճը, բոյկոտեց: Քաղաքական լեզվով սա կոչվում է քաղաքական դեմարշ: Կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը օրենքի հետ կապված ճիշտ դիտողություններ ուներ: Օրենքը այս պահին եւ այս տեսքով ընդունելը ճիշտ չէ»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ