Այս կարծիքին է գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը
«1922թ. բոլշեւիկներն ուզեցին ամբոջ սովետմիության ժողովուրդներին լատինատառ գրող դարձնել, ուղղագրական փոփոխություն անել եւ հայերին 1500 տարվա գրությունը մոռանալ տալ, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ՝ հայերը շարունակեցին մեսրոպյան այբուբենն օգտագործել: Իսկ հիմա տեխնիկան, համակարգիչը եկել ու կարողանում է թելադրել իր կամքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը՝ խոսելով համացանցում օգտագործվող լեզվից, լատիներեն տառերից ու աղավաղված մայրենիից:
Ըստ Վ. Սարգսյանի՝ այժմ տեխնիկան թելադրող է դարձել, եւ դա մեր ապաշնորհության հետեւանքն է. «Ես ուսումնասիրեցի դաշտը. մարդկանց մի մասը պնդում է, որ ստիպված է լատինատառ գրում, քանի որ դրսից է գրում, հեռախոսով է գրում, հայկական այբուբեն չկա ձեռքի տակ եւ այլն. դա համարում եմ օբյեկտիվ, առարկայական պատճառ: Բայց կան մարդիկ, որոնք ուղղակի սովորել են լատինատառ գրել հայերեն ստեղնաշար չունենալու պատճառով, իսկ որոշներն էլ իրենց տառասխալները ցույց չտալու, կոծկելու համար են լատինատառ գրում»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այն, որ, օրինակ, Facebook-ում անգամ քաղաքական գործիչներն են լատինատառ գրում, նրանք ուղղակի խախտում են լեզվի մասին օրենքը, իսկ դա անընդունելի է: «Ցանկացած հրապարակային գրություն չպետք է աղավաղի հայերենը: Իսկ համացանցում գրածները հրապարակային գրություն են, որովհետեւ համացանցը ցանկացած թերթից, լրատվամիջոցից շատ բաժանորդներ, այսինքն՝ օգտատերեր ունի, ու այդ հրապարակային գրությունները եւս պետք է վերահսկվեն: Լեզվի պետական տեսչությանը պետք է հնարավորություն տրվի վերահսկել համացանցի լեզուն: Մայրենիի անաղարտության համար պետք է պայքարել կառավարական մակարդակով, որովհետեւ որեւէ անհատ, ինչքան էլ ցանկանա, միայնակ չի կարող: Համացանցը՝ Facebook-ը, արտաարգանդային հղիության պես մի բան է, որը խանգարում է հայոց լեզվի առողջությանը, բայց պետք է այնպես անել, որ կարողանանք բերել նորմալ վիճակի»,- ասում է Վ. Սարգսյանը՝ նշելով, որ հատկապես հայաստանաբնակներն իրավունք չունեն լատինատառ գրելու, աններելի է կամովին անցնել լատինատառի՝ այն դեպքում, երբ դրսում բնակվողների մեծամասնությունը նորմալ հայերեն չիմանալով՝ չի վախենում թեկուզ տառասխալներով հայատառ գրել:
Կարդացեք նաև
Վ. Սարգսյանին զայրացրել է՝ «մարդ կա, ասում է՝ հայերեն տառերը գեղեցիկ չեն, այդ պատճառով էլ լատինատառ եմ գրում: Դա ծիծաղելի պատճառ է: Այսպես մտածողներն ուղղակի ուզում են իրենց անգրագիտությունը թաքցնել լատինատառ գրելով: Իսկ ամենավատն այն է, որ բոլշեւիկները ժամանակին չկարողացան ստիպել մեզ, բայց հիմա կամովին հանձնվում ենք լատինատառ գրելուն՝ մոռանալով, որ մեր լեզուն մեր ինքնության փաստաթուղթն է, եւ եթե հիմա փոխենք մեր ուղղագրությունը՝ վաղը դա հոգեբանորեն ազդելու է մեր երեխաների կրթական մակարդակի եւ հոգեբանության վրա»:
Վ. Սարգսյանը հայտնեց, որ, որպես կանոն, համացանցում չի կարդում լատինատառ գրությունները, ինչի մասին էլ որ լինեն. «Ահավոր վիրավորական է նաեւ այն, երբ Մայր Աթոռն է տոները լատինատառ շնորհավորում: Չէ՞ որ այժմ տեխնիկան թույլ է տալիս հայատառ հաղորդագրություններ ուղարկել: Գոնե եկեղեցին նման բան չանի: Ի վերջո մեր հայ եկեղեցու սուրբը՝ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել մեր տառերը: Ես դա համարում եմ սրբապղծություն բառի բուն իմաստով: Եկեղեցին պղծում է Մաշտոցի արած գործը, մինչդեռ դրա իրավունքը չունի: Մենք մեր ունեցածը չենք հարգում, չենք սիրում մեր լեզուն»:
Վ. Սարգսյանի ձեւակերպմամբ՝ թե Facebook-ում, թե սոցիալական այլ ցանցերում կարծես թե վրեժ են լուծում մայրենիից: Նրա խոսքերով՝ զարմանալի է, բայց ատելություն կա սեփական լեզվի նկատմամբ. «Հայն ատում է իր լեզուն, իսկ դա ատելության դրսեւորումներից ամենացայտունն է: Facebook-ի լեզուն անհնար է կարդալ: Փողոցի ինքնահաստատվող երեխեքն ավելի են լավ խոսում, քան Facebook-ում իրենց բանաստեղծ, գրող ու քաղաքական գործիչ համարողները: Ապշում եմ այդ մարդկանց մտածողության վրա, նրանք իբր թե Խաչատուր Աբովյաններ են դարձել եւ ուզում են գրական լեզուն մոտեցնել ժողովրդին: Դա մեծագույն մոլորություններից մեկն է: Մենք պետք է կարողանանք ժողովրդի խոսակցական լեզուն տանել դեպի գրական լեզու՝ ոչ թե հակառակը: Ի վերջո՝ գրական լեզուն միակ զենքն է, որը շատ հղկված է ու փայլուն եւ կարող է ցանկացած իրողություն արտահայտել իրենով»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ