Այս տարվա հունվարի 15-ից Հայկական գիտական համագործակցությունը (Armenian Scientific Cooperation) նախաձեռնել է արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրման ծրագիր: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց armscoop.com կայքի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Կրթական խորհրդատվական կենտրոն: Վերջինիս հիմնական նպատակն է անհատական խորհրդատվությունների եւ խմբային սեմինարների միջոցով տեղեկատվություն տրամադրել հայ ուսանողներին եւ երիտասարդներին աշխարհի տարբեր համալսարաններում առկա կրթաթոշակային ծրագրերի եւ այլ կրթական հնարավորությունների մասին: Անհատական խորհրդատվությունները, տեղեկատվական եւ կարողությունների զարգացմանն ուղղված խմբային սեմինարները, զանազան ծրագրերը կօգնեն ավելի լավ կողմնորոշվել կրթական շուկայում եղած բազմաթիվ ծրագրերում: Ծրագրի շրջանակներում Երեւանի եւ մարզերի բուհերի ուսանողները հնարավորություն կունենան դիմել Կենտրոնի խորհրդատուներին ու համապատասխան աջակցություն ստանալ փորձագետներից:
Ա. Մարտիրոսյանի խոսքով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել արտերկրում սովորող հայ ուսանողների/շրջանավարտների տվյալների բազա եւ ցանց, որը կնպաստի արտերկրում սովորող հայ ուսանողների եւ Հայաստանում գտնվող դիմորդների միջեւ կայուն կապի հաստատմանն ու զարգացմանը։ Հայաստանցի այն ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել արտերկրի տարբեր բուհերում, Կրթական խորհրդատվական կենտրոնի միջոցով հնարավորություն կստանան կապ հաստատելու աշխարհի լավագույն բուհերում սովորող ուսանողների կամ շրջանավարտների հետ, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, թե ինչպես պետք է գրագետ մոտիվացիոն նամակ գրել, ինչ նրբություններ պետք է հաշվի առնեն տվյալ բուհ դիմելու ժամանակ, համապատասխան կրթաթոշակային ծրագրերի առկայության մասին եւ այլն։ Այդ ամենը լինելու է անվճար։
Ըստ մեր զրուցակցի, հարկավոր է ընդամենը տվյալները ուղարկել [email protected] էլփոստին։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ