Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը մտահոգված է
Այս օրերին մեծ էկրանին ցուցադրվում է երիտասարդ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը, որի մտահղացման, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանին (Կուկ) զայրացրել է, իր խոսքով` ֆիլմի սուտ պատմությունը: Նրա համոզմամբ, ազգային արժանապատվության ու պատմության հաշվին կոմերցիա անելը ամենաքիչը դավաճանություն է: Հիշեցնենք, որ ֆիլմի հերոսուհին՝ Սաշան, որ Արցախի համար կռված ռուս զինվորի զավակ է, ցանկանում է կեչի տնկել հոր գերեզմանին: Շիրիմը, սակայն, ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում է: Միքայել Պողոսյանի մարմնավորած հրամանատար Գուգոն սահմանը խախտելու գնով իրականացնում է Սաշայի երազանքը: Նրանց նկատում է ադրբեջանցին, բայց չի սպանում` իր 10-ամյա որդու գերեզմանն էլ հայկական հողում է մնացել: Գուգոն խոստանում է նրա տղայի շիրմին էլ ծառ տնկել ու դա անում է դարձյալ ազգությամբ ռուս Սաշայի ձեռքով:
«Առավոտի» հարցին (25.01.2002 «Միքայել Պողոսյանը անկեղծ է սատարում նախագահին»)՝ ծառ տնկելու խաղաղասիրական ակցիաները ազգությամբ ռուսի ձեռքով կյանքի կոչելու տակ ինչ-որ ենթատեքստ կա՞, Միքայել Պողոսյանը պատասխանել էր, թե հատուկ իմաստ չեն դրել, բայց ցանկացողը կարող է տեսնել:
Վահրամ Հարությունյանն ասում է. «Եթե մեր երիտասարդությանը դաստիարակող մի 30 ֆիլմ նկարած լինեինք, կարելի էր մի հատ էլ սուտ ֆիլմ նկարել: Այստեղ կոնցեպտուալ բան կա թաքնված՝ նկարեք իրականությունը, ինչ որ եղել է, ի վերջո մենք ամբողջ աշխարհին համոզեցինք, որ տոկուն ենք, ուժեղ եւ հաղթել ենք Արցախյան պատերազմում, թե չէ էդ ամենը թողնել ու մի ռուս աղջկա մասին նկարել՝ լուրջ չէ: Վաղը էդ ֆիլմը կտանեն Ռուսաստանի հայկական համայնքներում ցույց կտան, հետո՞…Ի դեպ, հեռուստացույցով տեսա էդ աղջկան՝ եկել էր Հայաստան ու չգիտեր ինչի է եկել, ասաց, որ տեղյակ չէ հայերի պատմությունից, վերջում այնքան համոզեցին՝ ստիպված ասաց՝ սիրում եմ Հայաստանը: Ախր ինքը ինչո՞ւ պետք է տեղյակ լիներ մեր պատմության մասին, երբ ինքներս չենք գնահատում այն ու հետո բողոքում ենք, թե աշխարհը մեր մասին չգիտի»:
Նկարչի փաստմամբ, օրինակ՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ օդուժի հաղթանակներում հայերի դերը որոշիչ է եղել, տոկոսային հարաբերությամբ մենք ենք ամենաշատ հերոսներ տվել, բայց որեւէ հայի մասին ռուսները ֆիլմ չեն նկարել: «Նորմալ է, երբ մի արվեստագետ կոմերցիա է անում իր տանը, ռեստորանում, թատրոնում, բայց երբ քո պատմության վրա ես փող աշխատում, դա դավաճանություն է, սրիկայություն, փոքր մարդու քայլ: Ցավոք, ղարաբաղյան պատերազմի թեմայով ոչ մի ֆիլմ, մուլտ չունենք, թատրոն ու գիրք չունենք, որոնցով լուսաբանվում է մեր ազգի արյան մեջ մտնող այն սերմը, որը հետագայում տալիս է հերոս, քաղաքացի, հայ ազգի լավ ներկայացուցիչ: Ավելին, աջուձախ նախատում են, թե գլուխ գովելու բան չունենք, փորձում են նսեմացնել ազգային հպարտությունը: Մի տիպիկ օրինակ բերեմ՝ հին հռոմեական կայսրությունում ժամանակին արծաթե դրամ են հատել, որի հակառակ երեսին գրված է եղել՝ «Հայերը նվաճված են», 200 տարի էդ փողերը գործածել են, որ իրենց ժողովրդին «դուխ» տան, ասեն՝ հայերը նվաճված են, մի՛ վախեցեք նրանցից, իսկ ի՞նչ ենք անում մենք՝ մեր ունեցածը թողել ենք ու ուրիշներին ենք հերոսացնում: Կամ ինչո՞ւ է էդ ֆիլմում ծառը ռուսի ձեռքով տնկվում, չէ՞ որ Արծվաշենն ու էլի շատ տարածքներ հենց ռուսի ձեռքով ենք հանձնել: Եվ եթե էդ կեչին տնկելու տակ իմաստ չկար, թող ֆիլմում, օրինակ, Օբամայի բարեկամներից մեկը Աֆրիկայից գար ու պալմա տնկեր: Շատ վտանգավոր նախադեպ է ստեղծվում՝ ի՞նչ ասես կարող են պատմության տեղ հրամցնել»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ զարմանում է՝ այդքան հերոսներ ունենք, ինչու Մոնթեի ու մյուսների մասին լուրջ գեղարվեստական ֆիլմեր չեն նկարվում: Կամ՝ նրա խոսքով. «Տիգրան Պասկեւիչյանը ֆիլմ էր նկարել մարտի 1-ի մասին, ոչ մի տեղ չթողեցին ցուցադրվի, երբ որ իրական պատմություն էր, անկախ Հայաստանի ամենածանր օրերից մեկի մասին… Դա թողած, ինչե՞ր ենք քարոզում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ