Լրահոս
Օրվա լրահոսը

Գիզիրյանը կպաշտոնազրկի «թայֆաբազությամբ» զբաղվող գյուղապետերին

Փետրվար 09,2012 14:16

Մի ամիս է՝  Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզպետարանի վարչության բոլոր պետերի հետ այցելում է գյուղեր, խորհրդակցություններ անցկացնում, լինում այս կամ այն կառույցում: Թե ձմռան սառնամանիքին,  փակ ճանապարհների առկայության պայմաններում, ինչու է գյուղեր այցելում ու ինչ հարցեր է քննարկում՝ քաղաքակա՞ն, թե՞ գյուղափրկիչ, մարզպետը վստահեցնում է, որ  քաղաքական թեմաները բացառվում են: Ըստ նրա՝ գնում է ստուգելու իր ձեռնարկած  գործերի արդյունքները: Երեկ մարզպետը իր, այսպես ասած, խորհրդավոր այցերին մասնակից դարձրեց նաեւ լրագրողներին: Նա աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ախուրյանի տարածաշրջանի Ոսկեհասկ գյուղում: Առաջինը զեկուցելու  իրավունքը ընձեռվեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին, որն էլ սկսեց մանրամասն ներկայացնել մարզի քաղաքաշինական ծրագրերը, այդ թվում՝ բնակարանաշինությունը: Պաշտոնյայի երկար ելույթը հունից հանեց Աշոտ Գիզիրյանին, որը նկատողություն արեց: «Հարյուր անգամ լսել ենք ձեր ասածը, վստահ եմ, որ բազմաթիվ անգամ դուք լրագրողներին տեղյակ եք պահել, անցեք Ոսկեհասկի խնդիրներին»,- ասաց մարզպետը: Քաղաքաշինության վարչության պետը դեռ բերանը չէր բացել, երբ դպրոցի ուսուցիչներից մեկը վրա տվեց, թե՝  ամենակարեւոր խնդրի մասին մտածեք, 2 կմ ճանապարհի եղածն ինչ է՝ ասֆալտապատեք, քանի որ վիրավորական է նման ճանապարհներով երթեւեկելը: Գյուղապետ Ջեյմս Մուրադյանն էլ իր հերթին ներկայացրեց, որ Ախուրյանն ու Ոսկահասկը իրար կապող ճանապարհը այնպիսի  վատ վիճակում է, որ վերջինիս  ճանապարհ բառով կարելի է կոչել միայն ձմռանը, ձյունը ծածկում է, այն մի կերպ դառնում է անցանելի, բայց անձրեւների ու հեղեղների ժամանակ անցնել չի լինում: Գիզիրյանը հիշեցրեց, որ Ոսկեհասկից բացի՝ մարզն ունի խնդիրների մեջ թաղված 116 գյուղական համայնք, եւ եթե անգամ այդ ճանապարհը վերանորոգվի, այն չի ասֆալտապատվի, այլ կմնա գրունտային: Վարչության պետերը հերթով խոսեցին իրենց ոլորտներից, գյուղերում սպասվող ՏԻՄ ընտրություններից, ազոտային պարարտանյութից ու դրա գներից: Ամենացնցողը առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթն էր. նա գեղարվեստական բառապաշարով այնպիսի մի գովք սկսեց կառավարության կողմից  քաղծառայողներին սոցիալական փաթեթ հատկացնելուն, որ անգամ մարզպետը հետաքրքրասիրությունից գամվեց տեղում: «Ես կխոսեմ մի թեմայից, որը կապույտ երկնքում կայծակի նման մի բան է»,- այսպիսի նախաբանով սկսեց իր խոսքը պարոն Հովհաննիսյանը, որին Աշոտ Գիզիրյանը արձագանքեց. «Հլը ասա, ասա, էդ ի՞նչ կայծակ է»: Հ. Հովհաննիսյանը ժողովին մասնակցող ուսուցիչներին ասաց՝ եթե նախկինում «սիրտ էին վերանորոգում» միայն հարուստները, ապա այսուհետ ուսուցիչներն էլ հանգիստ ու առանց վախենալու կարող են ապրել, քանի որ նրանք էլ ապահովված են պետության կողմից եւ կարող են իրենց սրտերը եւս վերանորոգել: Սոցիալական փաթեթը մանրամասն ներկայացնելով՝ մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ ինքը իրոք զարմացած է, հիացած պետության շռայլությունից: Նա տարբեր բառերով այնքան կրկնեց նույն միտքը, որ Գիզիրյանը նախազգուշացրեց՝ նայի, աչքով չտաս: «Աչքս փորձված է, պարոն Գիզիրյան»,- հակադարձեց վարչության պետը:

Խորհրդակցությունից հետո Շիրակի մարզպետը պատասխանեց  մեր օրաթերթի հարցերին: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե 70 գյուղ այցելած մարզպետի աչքերով ո՞րն է ամենաողորմելի վիճակում գտնվողը: Ըստ Գիզիրյանի՝ հատկապես վատ պայմաններում են փոքր գյուղերը՝ Ջաջուռավանն ու Կարմրաքարը: Իսկ ովքե՞ր են մեղավոր՝ գյուղապետե՞րը, մեր այս հարցին պարոն Գիզիրյանն այսպես պատասխանեց. «Ոչ, գյուղապետերը չեն, գյուղերը փոքր են, համայնքները սեփական եկամուտներ չունեն, ճանապարհներն են վատ, այդտեղ մենք պետք է կարողանանք պետական ծրագրերով գյուղերին օգնել»: Իսկ կա՞ն գյուղապետեր, որոնք կարժանանան Տուֆաշենի գյուղապետի բախտին, այսինքն՝ պաշտոնանկ կլինեն: «Եկեք այսօր միանշանակ չասենք, բայց չի բացառվում, որ կլինեն նմանատիպ գյուղեր: Բայց ասեմ, որ ես եղել եմ 70 գյուղերում, ու ընդամենը 3-4 գյուղապետերից են դժգոհություն հայտնել, բայց չեմ ասի, թե որ գյուղապետերից: Ժողովուրդը, որ դժգոհություն է բարձրացնում, ոչ Գիզիրյանի հետ է կապված, ոչ երկրի նախագահի, ոչ էլ կառավարության, պարզ երեւում է, որ գյուղապետերի հետ է կապված՝ թայֆաբազության, քաղաքական տարբեր խաղերի մեջ են մտնում, այդ պահերը կան»,- ասաց մարզպետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ     

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829