Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի բանտում Մասումյանին ԱԱԾ հայ քննիչը սպառնացել է

Փետրվար 09,2012 14:15

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, նախորդ օրը շարունակեց Գագիկ Մաթեւոսյանի («Մուսկուլ Գագո») եւ նրա խմբի անդամների՝ Արտակ Ղուկասյանի, Արայիկ Ոսկանյանի, Վազգեն Կարապետյանի,  Գրիգոր Գրիգորյանի վերաքննիչ բողոքները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված համարեց ազատամարտիկներից կազմված խմբի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի (2009թ. մայիսի 23-ի) եւ մի քանի անձանց նկատմամբ մահափորձեր իրականացնելու մեղադրանքը: Ըստ գործի նյութերի, խմբի անդամները պայթուցիկ նյութ են տեղադրել Խաչատրյանի տան դիմացի կիսակառույցի հենասյանը, որը պահակ Ալեքսան Ղազարյանի կողմից հայտնաբերվել է՝  նա ստացել է միջին ծանրության վնասվածք: Խմբի անդամներից էր Ռաֆայել Մասումյանը, որը ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305 հոդվածով՝ 11 տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով՝ 3 տարի ժամկետով: 2011թ. մայիսի 26-ի  համաներման ակտի կիրառմամբ՝ Ռ. Մասումյանը ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը իբր կատարելու համար պատժից ազատվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305 հոդվածով նախատեսված արարքը իբր կատարելու համար պատժի ժամկետը կրճատվել է 1/4-ով: Ըստ գործի նյութերի, Մասումյանը տեղեկացել է, որ «այլ անձը» ցանկանում է 150 000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց պատվիրել «պետական գործչի»՝ Գագիկ Խաչատրյանի սպանությունը, համաձայնության է եկել, որպես միջնորդավճար պահանջել է 10 000 դոլար, իսկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մեքենաների տվյալները Մասումյանը նշել է նոթատետրում, այն փոխանցել Գագիկ Մաթեւոսյանին: Նրա պաշտպանը՝ հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանին ներկայացրեց իր բերած վերաքննիչ բողոքը, որից հետո Մասումյանը, որը նկատելիորեն կաղում էր եւ բռնել էր մեջքը, նախագահողից խնդրեց, որպեսզի հաջորդ դատական նիստերին չմասնակցի: Դատարանը հարգեց դատապարտյալի խնդրանքը:

ԱԱԾ աշխատակիցները՝ վկա՞

Պաշտպանը գտնում էր, որ դատավճիռը անօրինական է, անհիմն եւ չպատճառաբանված, Ռ. Մասումյանի մեղքը ապացուցված չէ, հետեւաբար նա պետք է արդարացվի: Ըստ պաշտպանի, Մասումյանի մեղադրանքի հիմքում դրվել են օրենքով չնախատեսված, արգելված կամ օրենքի պահանջների կոպտագույն խախտումներով ձեռքբերված ապացույցներ: Ապացույցների մեջ նշվեցին վկաներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Մնացական Մարուքյանի եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Կարեն Հակոբյանի, նաեւ ընթերականեր Լորիկ Վարոսյանի եւ Արմեն Մաթեւոսյանի ցուցմունքները: Կա մի ցնցող ապացույց էլ՝ Գագիկ Մաթեւոսյանի ավտոմեքենան «բերման ենթարկելու», որից գտնվել էր Մասումյանի նոթագրությունը: Հիշեցնենք, որ Մասումյանը ձախողումից հետո Վրաստանի սահմանն էր հատել, ապա կրկին վերադարձել Հայաստան, ստացել Հունաստանի դեսպանատնից վիզա, նորից անցել Վրաստան: Այնտեղ էլ հայտնաբերվել էր եւ տեղափոխվել է Թբիլիսիի թիվ 8 բանտը: Մասումյանին քրեական գործով հարցաքննում է քննչական խմբի ղեկավար, գնդապետ Մ. Մարուքյանը, այցելում է ԱԱԾ աշխատակից Կարեն Հակոբյանը: Տիգրան Աթանեսյանի տեղեկացմամբ, նաեւ տեսաձայնագրում է, ինչի իրավունքը չունեին մեր ԱԱԾ-ականները: «Հայաստանի քննչական մարմիններն իրավունք չունեն կատարելու քննչական գործողություններ Վրաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 01.06.1996թ. կնքվել է քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 04.03.1997թ.: Համաձայն նշված պայմանագրի՝ կողմերը քրեական գործերով իրավասու են միմյանց տալու իրավական օգնության մասին հանձնարարություններ: Հանձնարարությունները կատարվում են դրանք իրականացնող կողմի, տվյալ դեպքում՝ Վրաստանի օրենսդրությանը համապատասխան: Սույն քրեական գործով նախաքննության մարմինը Վրաստանի պատկան մարմիններին ներկայացրել է իրավական օգնության մասին հանձնարարություն՝ խնդրելով հարցաքննել իմ պաշտպանյալին մի շարք հարցերի շուրջ:  Համաձայն պայմանագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի՝ հայկական կողմը ներկայացնող քննիչը կարող էր ներկա գտնվել հարցաքննությանը կամ նպաստել հարցաքննության կատարմանը: Սրանից հետեւում է, որ ամեն դեպքում հայաստանյան քննիչը չէր կարող ինքնուրույն հարցաքննել իմ պաշտպանյալին: Այդ իրավասությունը պատկանում էր վրացի համապատասխան պաշտոնատար անձին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Նա հավելեց, որ մեղադրող կողմը Կենտրոնի դատարանում ներկայացրել է Ռ. Մասումյանին վրացի քննիչի կողմից հարցաքննելու արձանագրությունը, որի բովանդակությունը, սակայն, որեւէ առնչություն չունի տեսաձայնագրության բովանդակության հետ: Մասումյանը չի ընդունել իր մեղքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ: «Դատավճռում անընդհատ նշվում է, թե Ռ. Մասումյանը Վրաստանի բանտում ոչ թե ցուցմունք է տվել, այլ «հայտնել է»: Այսինքն, Ռ. Մասումյանի խոսակցությունը, ըստ դատարանի, հայտնություն է: Սակայն հայտնությունը, որպես ապացույց, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ»,- ասում էր պաշտպանը: Ըստ վերաքննիչ բողոքի, Մ. Մարուքյանը ակնհայտորեն ծաղրել եւ սպառնացել է Ռ. Մասումյանին, ինքն իրեն անվանել է «աստված», նշել է, որ Ռ. Մասումյանին կարող են սպանել Թբիլիսիի բանտում, խոսակցությունը վարել է ԱԱԾ-ն ներկայացնող սպային ոչ վայել փողոցային ժարգոնով եւ այլն: Տիգրան Աթանեսյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ ապացույց ճանաչված տեսաձայնագրությունը կատարվել է Ռ. Մասումյանի պաշտպանի ներկայությամբ: «Նման պնդումն առնվազն զարմանալի է, քանի որ Ռ. Մասումյանի եւ Մ. Մարուքյանի խոսակցությունն ընթանում է հայերեն լեզվով, իսկ պաշտպանը վրացի է: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ պաշտպանը ներկա է հարցաքննության սենյակում՝ նրա մասնակցությունը բացառվում է՝ լեզվի չիմացության պատճառով»,- ասում է նա:

Գագիկ Խաչատրյանը պետական գործիչ չէ

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց ՀՀ  ԿԱՊԵԿ նախագահ, գործով տուժող ճանաչված Գ. Խաչատրյանին «պետական գործիչ» համարելու վրա, որը «եկել է» նրանից, որ Գ. Խաչատրյանը զբաղեցնում է բարձր պետական պաշտոն: «Այսինքն՝ դատարանն ամբողջությամբ անտեսել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 305 հոդվածով որեւէ արարք որակելու համար, նախ պետք է հստակ պարզել եւ հիմնավորել, որ տուժողը հանդիսանում է տվյալ դեպքում պետական գործիչ, եւ որ հանցավոր ոտնձգությունը, եթե այդպիսին առհասարակ տեղի է ունեցել, պայմանավորված է այդ պետական գործչի պետական գործունեությունը դադարեցնելու շարժառիթով: Դատարանը որեւէ նման ապացույց չի ունեցել, իսկ մեղադրող կողմը որպես Գ. Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարելու շարժառիթ փաստացի դիտել է անձնական վրեժխնդրությունը»,- ասաց Տ. Աթանեսյանը: Ի դեպ, «պետական գործիչը» այդպես էլ հարկ չի համարել մինչ օրս գալ դատարան, որպեսզի պատասխաներ, թե հանդիսանո՞ւմ է պետական գործիչ, թե՝ ոչ, հիմնավորելով պատասխանը համապատասխան իրավական ակտերով: Պաշտպանական կողմին նաեւ հետաքրքրում է, թե ինչպիսի պետական գործունեություն է Գ. Խաչատրյանը իրականացնում, եւ հատկապես ինչով է այն տարբերվում սովորական վարչարարությունից, եւ որ ինչի համար մահափորձ պիտի կազմակերպվեր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Պաշտպանի կարծիքով,  մենք գործ ունենք անձնական վրեժխնդրության շարժառիթի հետ, քանի որ Ռաֆայել Մասումյանի որդին՝ Սուրեն Մասումյանը մինչեւ 2009թ. հունիսը աշխատել է ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական վարչությունում: Ռ. Մասումյանի կալանավորվելուց անմիջապես հետո Սուրեն Մասումյանը ազատվել է աշխատանքից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829