Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետդարձի ճանապարհ չկա

Փետրվար 09,2012 14:03

Ինչպես այս, այնպես էլ բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ մեր մի շարք գործընկերներ՝ լրագրողներ, առաջադրվում են եւ հաճախ նաեւ ընտրվում են ԱԺ պատգամավորներ: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպես դրան վերաբերվել: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այդ աշխատանքը (իսկ դա պետք է լինի աշխատանք, ոչ թե լոպազանալու եւ «տանիք գտնելու» միջոց, ինչպես կարծում է ներկայիս պատգամավորների մեծ մասը) անձամբ ինձ չի հետաքրքրում: Ի դեպ, միանգամից նշեմ, որ ինձ բացարձակապես չի հետաքրքրում նաեւ «Հ1»-ը ղեկավարելը, որտեղ գործընկերներից ոմանք ինձ «նշանակել են»: Բայց ընդհանուր առմամբ այն, որ լրագրողները պատգամավոր են դառնում, նորմալ, նույնիսկ դրական երեւույթ է: Ո՞ր պատգամավորն է գերադասելի՝ Կարամելի Հարութը, Պիվի Հակոբը, Սասի Արտակը, թե՞, ասենք, Նաիրա Զոհրաբյանը կամ Արամ Սաֆարյանը: Բնականաբար, գրագետ, իրենց կարծիքը ձեւակերպող մարդիկ ավելի պիտանի են օրենսդիր գործունեության համար: Ժամանակին լրագրությունից քաղաքականություն էին գնացել պատերազմում զոհված Սամվել Շահմուրադյանը, ինչպես նաեւ Սամվել Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանը, շատ ուրիշներ: Կարծում եմ՝ քաղաքականությունը դրանից միայն շահեց:

Այստեղ կա միայն մի խնդիր. անցումը լրագրությունից քաղաքականություն միանգամայն ընդունելի է, անընդունելի է մեկ այլ բան՝ դրանց համատեղումը: Բարեբախտաբար, վերը թվարկած նախկին գործընկերներս նման համատեղությամբ չէին զբաղվում եւ չեն զբաղվում: Ինչումն է այստեղ խնդիրը: Ենթադրենք, ես հաղորդում եմ վարում, հարցազրույց եմ վերցնում կամ գրում եմ այս տողերը եւ միաժամանակ որեւէ կուսակցության ցուցակում ցանկանում եմ պատգամավոր դառնալ: Արդյոք ընթերցողի կամ հեռուստադիտողի մոտ հարց չի՞ առաջանա՝ այն, ինչ որ դու ասում ես, գրում ես կամ հարցնում ես, դու անում ես քո՞ կողմից, թե՞ քո կուսակցության: Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց իմ տեսանկյունից կուսակցական, քաղաքական հավակնություններ ունեցող լրագրողի խոսքը այդ կասկածների արդյունքում դառնում է պակաս արժանահավատ: Դա բացահայտորեն կամ թաքնված ձեւով դրսեւորվում է կամ գոնե ընկալվում է որպես այս կամ այն քաղաքական ուժի «ագիտպրոպ»: Ինձ կարող են առարկել, որ կարելի է նաեւ չընդգրկվել որեւէ ցուցակում եւ համոզմունքներից ելնելով կամ փողի դիմաց դարձյալ զբաղվել «ագիտպրոպով»: Դա արդեն լրագրողի խղճի հարցն է: Տվյալ դեպքում մենք խոսում ենք նորմալ, բարեխիղճ լրագրության մասին, որը, սակայն, կուսակցական ցուցակի պատճառով ընկալվում է որպես ոչ բարեխիղճ:

Մի խոսքով, լրագրողները որոշակի ռիսկի են դիմում, երբ ընդգրկվում են այս կամ այն ընտրացուցակներում: Որովհետեւ եթե նրանք պատգամավոր չդառնան, այդ փորձը, միեւնույն է, իրենց գրածը վիճարկելու առիթով «երեսով են տալու»: Եթե գնում եք քաղաքականություն, գնացեք՝ կանաչ ճանապարհ: Բայց իմացեք՝ հետդարձի ճանապարհ չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829