Երեկ «Առավոտին» են դիմել Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի մի խումբ բնակիչներ, որոնք կոչ են անում ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին իրենց հասցեում մասամբ սկսած քաղաքաշինական ծրագիրն ավարտին հասցնել: Իսկ «Միավորված հայեր» կուսակցությանը, որն, ըստ բնակիչների, փորձում է այս օրերին իրենց այս հարցը շահարկելով քաղաքական դիվիդենդներ հավաքել՝ խորհուրդ են տալիս հարցին ավելի լուրջ մոտենալ, քանի որ ներկայումս մի խումբ մարդիկ անտուն են եւ սպասում են այդ շենքի կառուցմանը:
«ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1258-Ն որոշմամբ՝ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նույն որոշմամբ տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն: Վերոհիշյալ տարածքի բնակիչներս մեր մտահոգությունն ենք հայտնում հարակից շենքերի բնակիչների բողոքների առիթով՝ տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման վերաբերյալ: Ցանկանում ենք նշել, որ բողոք ներկայացրած քաղաքացիների մի մասն արդեն ստացել են փոխհատուցում իրենց ավտոտնակների համար, որից հետո միայն միացել են բողոքի մասնակիցներին: Արդարացի հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախկին ավտոտնակների տերերը չէին բողոքում մինչեւ փոխհատուցում ստանալը: Եվ ինչու ներկայիս բողոքավորները չէին անհանգստանում, երբ ամբողջ բակը խաղահրապարակի եւ ազատ գոտու հաշվին կառուցապատված էր ավտոտնակներով: Բողոքող մի քանի բնակիչներ հավաքել էին ստորագրություններ եւ դիմել դատարան, սակայն դատարանը դիմումը մերժել էր: Ի դեպ, նկատենք, որ նշյալ տարածքում կառուցվող շենքի հարկայնությունն իջեցնելուց հետո մնացել է հարակից շենքերի ընդամենը 5-6 բողոքող բնակիչ, որոնք հետապնդում են շահադիտական նպատակներ եւ օգտվելով իրավիճակից՝ փորձում են օգուտներ քաղել: Իրականում նրանց՝ քաղաքապետին ուղղված դիմումում ոչ թե նոր ստորագրություններ են, այլ հին՝ դատարանին ուղղված դիմումից վերցված ստորագրություններ: Ձեզ դիմող բնակիչներս արդեն կնքել ենք բնակարանային փոխհատուցման պայմանագրեր՝ տեղում կառուցվող շենքից բնակարաններ ստանալու պայմանով: Նշված բնակիչների բնակարաններն արդեն քանդված են, եւ նրանք բնակվում են «Ավագ Շին» ընկերության կողմից վարձակալած բնակարաններում: Իսկ բնակիչների մյուս մասն արդեն կնքել են նախնական պայմանագրեր՝ տեղում կառուցվող շենքից բնակարաններ ստանալու պայմանով: Քաղաքապետին դժգոհություն ներկայացրած բնակիչներն ապրում են հարակից շենքերի լուսավոր ու արեւոտ բնակարաններում, սանիտարահիգիենիկ, նորմալ պայմաններում: Իսկ մենք ապրում ենք այդ նույն բակում՝ զրկված լինելով այդ բոլոր հարմարություններից:
Ուստի խնդրում ենք չոտնահարել մեր իրավունքները եւ հաշվի չառնել հարակից շենքերի մի քանի բնակչի անհիմն բողոքները, ու կառուցապատող ընկերությանը պարտադրել սկսել եւ շուտ ավարտել շենքի շինարարությունը, որպեսզի մենք էլ տեղափոխվենք եւ վերջապես ապրենք մարդավայել ու բարեկեցիկ պայմաններում: Ի դեպ, նախկինում մեր բակում ոչ մի կանաչ տարածք չկար, սակայն նոր նախագծով տնկվելու է 60-70 ծառ եւ կլինի 4500 քմ կանաչ տարածք: Մեր այս մտահոգությունները կիսում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որը, օրերս հանդիպելով Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, նույնպես հորդորել է չմոռանալ նաեւ խարխուլ տներում բնակվողների մասին եւ չանտեսել նրանց շահերը»,- գրում են բնակիչները:
Դիմումի տակ ստորագրել է
տարածքում բնակվող 36 բնակիչ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ