Մեր տեղեկություններով՝ երեկ Գյումրու թիվ 7 դպրոցի 12-րդ դասարանի երկու աշակերտների միջեւ դպրոցի ներսում թունդ ռազբորկա է սկսվել, որը շարունակվել է դպրոցի բակում ու ավարտվել է կրակոցներով: Վիճաբանողներից մեկը եղել է դպրոցի ուսմասվարի որդին՝ Արթուրը, ով եւ հանել է գազային ատրճանակը ու կրակել համադասարանցուն՝ Լեւոնին: Թեեւ գազային ատրճանակն ավելի շատ վախեցնող զենք է համարվում, սակայն, ըստ ականատեսների, մազ էր մնացել, որ վնասեր Լեւոնին: Փամփուշտն անցել է տղայի այտի կողքով, սակայն նա, բարեբախտաբար, վնասվածք չի ստացել: Մեր տեղեկությունները, ըստ էության, չհերքեցին մարզի իրավապահները՝ խոստանալով մանրամասներ հայտնել այսօր: Ի դեպ, մեզ լուրեր են հասել, որ հերոսներից երկուսն էլ հայր չունեն: Երեկ այս դպրոցի երեխաներին ամբողջ օրը քննում էին Գյումրու ոստիկանությունում, ոստիկանություն է հրավիրվել նաեւ դպրոցի տնօրեն, հանրապետական Գագիկ Կարապետյանը, ով պնդել է, թե դեպքը տեղի է ունեցել դասերից հետո, դպրոցից դուրս: Կատարվածի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ