Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ փոփոխամիտ պատգամավորները

Փետրվար 09,2012 13:45

«Օրինաց երկիր» կուսակցությո՞ւնն է հանել պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին իր շարքերից, թե՞ պատգամավորն է իր կամքով դուրս եկել այդ կուսակցությունից, դա, ի վերջո, այդ գործչի եւ այդ կուսակցության գործն է: Պարզապես այս փոքրիկ եւ գուցե ոչ այնքան կարեւոր օրինակով հետաքրքիր է հետեւել քաղաքական գործիչներին, ասենք՝ երկու տարի առաջ եւ այսօր:

Կուսակցությունից հեռացվելուց (ինչպես ինքն է պնդում՝ հեռանալուց) անմիջապես հետո Գ. Բաղդասարյանը մի շարք հարցազրույցներում հայտարարեց, որ ինքը ՕԵԿ շարքերում չի արդեն Երեւանի ավագանու ընտրություններից 15 օր առաջ: Հիշեցնենք, որ այդ ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականի մայիսին: Սակայն 2010 թվականի նոյեմբերի 20-ին «Հրապարակ» օրաթերթում Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը լրագրողի հարցին՝ ինչո՞ւ որոշեց ադամանդներով զարդարել ՕԵԿ-ի նշանը, որպեսզի այն ավելի՞ շատ հաջողություն ու փառք բերի, Գագիկ Բաղդասարյանը պատասխանել է. «Առաջինը, որ դա ոչ միայն ՕԵԿ-ի նշանն է, այլեւ մեր հանրապետության դրոշն է դրա վրա, իսկ ՕԵԿ-ը ոսկեզօծեցի, որովհետեւ ուզում եմ, որ այդպիսին լինի ՕԵԿ-ը»: Ստացվում է, որ պարոն Բաղդասարյանը ոչ միայն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է եղել վերոհիշյալ ընտրություններից հետո, այլեւ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել կուսակցական խորհրդանիշների նկատմամբ:

Գնահատելով ՕԵԿ վերջին ժամանակահատվածի գործունեությունը՝ Գագիկ Բաղդասարյանը այն անվանել էր իր սկզբնական բուն նպատակից շեղված՝ դատապարտելով կուսակցությանը ոչ սկզբունքային դիրքորոշման համար: Սակայն կարդանք «Առավոտ» օրաթերթի համարը (17.06.2010), որտեղ Գագիկ Բաղդասարյանը լրագրողի այն հարցին, թե ՕԵԿ-ը ընտրություններին մասնակցեց որպես ընդդիմություն, այսօր իշխանական կոալիցիայի մաս է կազմում, եւ որպես ՕԵԿ-ական՝ ինչպե՞ս եք գնահատում կուսակցության կոալիցիոն գործունեությունը, Գագիկ Բաղդասարյանը պատասխանել է. «Օրինաց երկիրը», որոշելով մաս կազմել կոալիցիային, առաջին հերթին իր առջեւ նպատակ է դրել կյանքի կոչել կուսակցության նախընտրական ծրագրերը՝ համարելով, որ իշխանությունը պատասխանատվություն եւ միջոց է դրանք իրականացնելու համար: Կարծում եմ՝ ՕԵԿ-ը հենց այդպես էլ իրականացնում է իր կոալիցիոն գործունեությունը»: Այսինքն՝ այդ պահին տվյալ գործիչը ՕԵԿ-ի անսկզբունքայնությունից բողոքներ, կարծես թե, չուներ:

Այս օրերին Գ. Բաղդասարյանը հայտարարում է, որ նախագահական ընտրություններից հետո, երբ ՕԵԿ-ը կոալիցիոն հուշագիր ստորագրեց, ինքը դեմ է եղել կոալիցիա կազմելուն եւ, հետեւաբար, իրեն այնքան էլ լավ չի զգացել որպես արդեն իշխանության մաս կազմող ՕԵԿ-ի անդամ-պատգամավոր: Սակայն նույն «Առավոտ» օրաթերթի 31.05.2011-ի համարում լրագրողի այն հարցին, թե «Օրինաց երկիրը» խորհրդարանում ինչպիսի ներկայացվածություն կունենա, անցած-դարձածից (այսինքն՝ նախագահական կեղծված ընտրություններից եւ ՕԵԿ-ի՝ կոալիցիայի մաս կազմելուց) հետո, Գագիկ Բաղդասարյանը պատասխանել է. «Ես որպես ՕԵԿ անդամ՝ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իմ կուսակցությունն իր արժանապատիվ տեղն ու դերը ունենա նորընտիր խորհրդարանում: ՕԵԿ-ը նախորդ ընտրություններից հետո ընտրազանգվածի որոշակի կորուստ ունեցավ, բայց ինչո՞ւ եւ ինչի՞ դիմաց մենք այդ կորուստն ունեցանք. ունեցանք երկրում կայունությունն ու անվտանգությունը ապահովելու գնով եւ ակնկալիքով: Մենք թույլ չտվեցինք, որ Հայաստանում շատ արյուն հոսի, մենք թույլ չտվեցինք, որ մեր արտաքին թշնամին, ում համար ռազմական հոխորտանքները շարունակական բնույթ են կրում, օգտվելով երկրում առկա անկայուն իրավիճակից, դիմի ագրեսիայի: Մենք գնացինք այդ քայլին՝ համոզված, որ այդ պահին միակ ճիշտ ուղին դա էր: Եվ այսօր էլ լծված ենք մեր երկրում դրական բարեփոխումներ իրականացնելու պարկեշտ առաքելությանը»:

Թերեւս Գագիկ Բաղդասարյանի՝ կուսակցությունից հեռացվելուց հետո ամենաուշագրավ հայտարարությունն այն է, թե՝ «ինչ էին ուզում ինձանից, անցած ընտրությունների նման երեխուս բերանից կտրեմ-բերեմ, որ ՕԵԿ-ը հասնի իշխանության ու ինձ թալանի՞…»: «Հրապարակ» օրաթերթի 20.11.2010-ի համարում արդեն ՕԵԿ անդամ-պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը լրագրողի այն հարցին, թե՝ «լուրջ ներդրումներ պետք է արվեն, որպեսզի դառնաս պատգամավոր կամ ընտրացուցակում առաջնային տեղ զբաղեցնես: Դուք օրինակ՝ ՕԵԿ-ում որքա՞ն ներդրում եք արել, որ դառնաք պատգամավոր», Գագիկ Բաղդասարյանը պատասխանել է. «Ես իմ կուսակցական աշխատանքով եւ իմ հեղինակությամբ եմ վաստակել դա, էդ վստահությունը: Թե մնացած տեղերում ինչ են ասում, էդ հարցերն իրանց ուղղեք: Ես կոնկրետ ներդրում չեմ արել եւ չգիտեմ տենց բան»: Այսինքն՝ 1 տարի 2 ամիս առաջ պարոն Բաղդասարյանը չէր ընդունում, որ նա իր երեխայի բերանից ինչ-որ բան է կտրել՝ պատգամավոր դառնալու համար:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829