Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանգլադեշի Համիկին» չեմ էլ ճանաչում»

Փետրվար 09,2012 13:42

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

– Երեկ պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որտեղ ՀԱԿ անդամ կուսակցությունները պետք է ներկայացնեին վերջնական մոտեցումները ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմավորման եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների վերաբերյալ: Նիստը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, որ որոշ կուսակցություններ դեռ որոշում չեն կայացրել: Այդքան սկզբունքային եւ վիճելի խնդիրնե՞ր կան, որ կողմնորոշվել չի ստացվում:

– Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, բայց չեմ կարծում, որ պատճառը դա լինի: Դեռ բավականին ժամանակ կա, մինչեւ փետրվարի վերջ-մարտի սկիզբ հանգիստ կարող են քննարկել այդ հարցերը: Չեմ կարծում, որ պատճառը չլուծվող կամ վիճելի հարցերն են:

– Իսկ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն հստակեցրե՞լ է ՀԱԿ համամասնական ցուցակում իր ներկայացվածության հարցը եւ մեծամասնական կարգով կուսակցական առաջադրումները:

– Ոչ, «Հանրապետությունը» դեռ քննարկումների փուլում է: Միայն մեկ որոշում ունենք՝ ակտիվորեն մասնակցելու ենք մեծամասնական ընտրակարգը վերացնելուն եւ ԱԺ ընտրությունները համամասնական կարգով անցկացնելուն:

– Վստա՞հ եք, որ դա կհաջողվի այս ընտրություններում:

– Պայքարել պետք է: Պայքարենք՝ տեսնենք՝ ինչ է ստացվում, որովհետեւ դա շատ կարեւոր է մեր երկրի զարգացման, քաղաքական դաշտի կայացման համար:

– Կենտրոնանալով դրա վրա՝ արդյոք առաջիկա ընտրություններում մեծամասնական կարգով ընտրապայքարում չե՞ք թերանա:

– Չեմ կարծում, որովհետեւ հենց այդ պայքարի բովում ենք: Մեծամասնական ընտրակարգը կոռուպցիայի, երկրի քայքայման, երկրի զարգացման ուղղությունը ետ գցելու ճանապարհ է:

– Արամ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, որ պատգամավոր դառնալ չի ցանկանում ոչ համամասնական, ոչ մեծամասնական կարգով չի առաջադրելու իր թեկնածությունը: Դուք ՀԱԿ-ի համամասնական ցուցակում Ձեզ տեսնո՞ւմ եք:

– Առայժմ այդ հարցերը քննարկվում են, եւ ես առանձնապես որոշում չունեմ՝ ի՞նչ կարգով մասնակցել ապագա ընտրություններին:

– Իսկ ՀԱԿ-ի ցուցակում «Հանրապետությունից» Դուք ո՞ւմ եք տեսնում:

– Շատ-շատերին: Բայց անուններ չեմ ասի, որովհետեւ կուսակցության խորհրդի նիստում այդ հարցերը դեռ քննարկված չեն:

– Իսկ ինչո՞ւ եք հապաղում: Կարծեմ ՀԱԿ անդամ կուսակցություններից միայն «Հանրապետություն»-ում ձեւավորված կարծիք դեռ չունեն վերոնշյալ հարցերի շուրջ:

– Շտապելու խնդիր չենք տեսնում: Եվ, ընդհանրապես, այդ առիթով իմ մոտեցումը ես ասել եմ՝ նպատակը պետք է լինի փողոցի միջոցով իշխանափոխությունը, ոչ թե մանդատներ ստանալը: Կամ էլ՝ ԱԺ-ում մեծամասնություն ունենալը, որն ինքնըստինքյան իրավիճակ է փոխում: Այս ընտրությունները պետք է լինեն գործիք:

– Այն, ինչ այս քառօրյայում կատարվեց խորհրդարանում՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը նկատի ունեմ, խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմադիր ուժերին ոգեւորո՞ւմ է:

– Ոգեւորվելու որեւէ խնդիր չունենք: ԲՀԿ-ն պետք է ինքը կարողանա իր ճիշտ տեղը գտնել պատմական ժամանակահատվածում, կայացնի ճիշտ որոշում: Կորոշի՝ մենք կողջունենք, չի որոշի՝ իր խնդիրն է: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի կանգնել ժողովրդի կողքին:

– Ակնհայտ շինծու մեղադրանքներով կալանավորելով «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին՝ ո՞ւմ եւ ի՞նչ էր ուզում ասել ոստիկանապետը:

– Ոստիկանության համար արդեն ձեռագիր է դարձել՝ նախ թմրանյութերի միջոցով ինչ-որ մարդկանց ազատությունից զրկելը, այնուհետեւ գայի տեսուչների միջոցով ավտովթարներ, վրաերթեր սարքելը: Ինքս չեմ ճանաչում այդ երիտասարդին՝ Համիկ անունով, Հարավ-արեւմտյան թաղամասից. Հայկի դեպքը, ով բոլորի կողմից սիրված-հարգված անձնավորություն է, ակնհայտ շինծու էր: Դրանք շատ բաների մասին են խոսում: Ես չեմ կարծում, որ ոստիկանապետն առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու այդպիսի քաղաքական ակցիաներ կատարեր: Եվ Համիկի, եւ Հայկի հետ կապված դեպքերը ակնհայտ է, որ սարքված են: Եթե անգամ իրականում նման բաներ եղել են, ապա այդ դեպքերում մարդուն այլ կարգի պատասխանատվության են ենթարկում եւ ոչ թե ազատազրկում են:

– Հայտնի «հեղինակություն» «Բանգլադեշի Համիկը», ում մասին խոսում եք եւ պաշտպանում, բազմաթիվ «գլուխգործոցների» հեղինակ է:

– Ես նրան չեմ էլ ճանաչում: Մամուլից եմ տեղյակ, հետեւել եմ նաեւ քաղաքում տեղի ունեցող խոսակցություններին եւ դրանց արդյունքում եմ կարծիք հայտնում: Ոչ էլ պաշտպանելու խնդիր ունեմ եւ ոչ էլ կարծում եմ, որ նա իմ պաշտպանության կարիքն ունի: Այ, երբ «գլուխգործոցներ» էր անում, թող այդ ժամանակ տանեին եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեին, ոչ թե տարիներ անցնեն, իրենց այդ երիտասարդի գոյությունը քաղաքական իմաստով ձեռք չտա՝ ազատությունից զրկեն:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829