Ստորեւ կներկայացնենք Աշոտ Աբովյանի ցուցմունքից մեջբերումներ՝ վերստին մեկնաբանությունը թողնելով մեր ընթերցողներին եւ այս անձանց՝ այսօրվա պայքարի զինակիցներին։
«Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքվածներին բարիկադներով փակել այդ տարածքը։ Ժողովուրդը 2-ական տրոլեյբուսներ կանգնեցրեցին, ծակեցին անիվները եւ դրանցով փակեցին փողոցը «Արարատ» հյուրանոցի դիմացի հատվածից։ Ես սկսեցի քայլել տարածքով՝ տեսնելու, թե ինչ է կատարվում. զգացի, որ անկառավարելի վիճակ է ստեղծվում, որ մարդիկ ոստիկանությանը պատկանող տարբեր տեսակի մեքենաներով սկսեցին փակել այդ տարածք մտնող բոլոր փողոցները։ Նիկոլ Փաշինյանի այն կոչից, որ պետք է զինվել եւ հակահարված տալ զորքին, ամբոխը սկսեց վազել տարբեր ուղղություններով, շինարարական հրապարակներից սկսեցին քանդել եւ դուրս բերել մետաղյա ձողեր եւ փայտեր՝ դրանք հարմարեցնելով կռիվ տալու համար։ Նկատեցի, որ քարեր են շպրտում քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանների վրա, շտապեցի այդ կողմ եւ փորձեցի կանխել դա, սակայն այդ ամբոխը ինձ առաջարկում էր հեռանալ այդտեղից եւ չխանգարել իրենց»։
«Անկառավարելի վիճակ էր, եւ հանրահավաքը վերածվել էր հանցագործությունների մասսայական կատարման։ Տարբեր տեղերում հրկիզվում էին ոստիկանական մեքենաներ, ջարդվում էին հարակից շենքերի պատուհանները։ Սուրիկն առաջարկեց սպասել՝ ասելով, որ հնարավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, եւ այդ անկառավարելի ամբոխը հանդարտվի։ Սակայն նա չեկավ, իսկ մութն ընկնելուն պես բախումը թեժացավ ոստիկանության հետ։ Տեսա, որ արդեն բենզինով լցված տարաներ են հայտնվել մարդկանց ձեռքին, որոնք այդ տարաները չգիտեմ որտեղից էին ճեռք բերել։ Այդպիսի տարաներ նկատեցի նաեւ Մյասնիկյանի արձանի հետնամասում, որտեղ մի քանի երիտասարդ տղաներ շարել էին այդտեղ, որպեսզի այդ կողմից ոստիկանների մոտենալու դեպքում դրանք օգտագործեն։ Այդ ժամանակ սկսվեց բախումը ոստիկանների հետ, սկսվեցին լսվել պայթյունի եւ կրակոցների ձայներ, այդ ժամանակ արդեն ես եւ Սուրիկը մտածում էինք, թե ինչպես հեռանանք այդտեղից»։
Հանրահավաքի մասնակիցների մոտ ես նկատել եմ, որ նրանց մի մասի մոտ եղել են մետաղյա ճաղեր։ Մասնակիցների ձեռքում տեսել եմ նաեւ փայտյա մահակներ, որը նույնպես չգիտեմ, թե ում կողմից էր բերվել հրապարակ։ Փետրվարի 24-ին կամ 25-ին Ազատության հրապարակում հարթակի մոտ ես նկատեցի դրած մի մեծ պարկ, որը փակված էր։ Մտածելով, որ դա վառելափայտ է, ես բացեցի պարկը եւ տեսա, որ դրանում դրված են մոտ մեկ մետր երկարությամբ փայտե մահակներ, որոնք ունեին բռնակ եւ երեւում էր, որ դրանք հատուկ պատրաստված են ջարդեր կատարելու համար։ Այդ պարկի մեջ կլիներ մոտ 10 մահակ: Իսկ իմ եւ Սուրիկի բերած փայտերի երկարությունը չէր գերազանցում 3030 սմ-ը, եւ դրանք վառելու եւ տաքանալու համար էր: Իսկ մարտի 1-ի Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած դեպքերի ժամանակ, հավաքվածները վազում էին շինհրապարակ եւ այնտեղից բերում մետաղյա ձողեր: Դա սկսեցին հատկապես ակտիվ անել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին զինվել նման առարկաներով:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»