Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի մասին

Փետրվար 09,2012 12:25

Այս նախագծի վերաբերյալ իր եզրակացությունն է տվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախումբը: Բացի արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ ներգրավվածության խնդրից, Կոնգրեսը նաեւ ուշադրություն է հրավիրել անհասկանալի, հակասահմանադրական այլ ձեւակերպումների վրա։ Օրինակ՝ նախագծի 1-ին իսկ հոդվածից պարզ չէ, թե որ հանգամանքներն ու վտանգներն են արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսանում։ Փոխարենը նախագծում ընդամենը կրկնվել է Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին մասի ընդհանուր ձեւակերպումը։ «Մինչդեռ հենց այս օրենքն է, որ պետք է բացեր ու մանրամասներ այն վտանգների ու իրադարձությունների շարքը (տարերային ու բնական աղետներ, զինված հանցավոր խմբերի անվերահսկելի գործունեություն, հասարակական լայն շրջանակների մասսայական անկարգություններ եւ այլն), որոնք ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են ներկայացնում, ուստի եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են։ Օրենսդրական նորմի ձեւակերպման այս անորոշությունը վարչախմբին հնարավորություն կտա սույնը մեկնաբանել կամայականորեն եւ իր համար քաղաքական յուրաքանչյուր աննպաստ իրավիճակում երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես դա արվեց 2008թ.-ի մարտի 1-ին, երբ ընդդիմությունը խաղաղ եւ օրինական բողոքի ակցիաներ էր իրականացնում, եւ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ իրականության մեջ գոյություն չուներ»,- ասված է ՀԱԿ եզրակացության մեջ։

Ըստ ՀԱԿ-ի՝ այս նախագիծը լեցուն է բազմաթիվ այլ սխալներով բացթողումներով ու հակասություններով, ուստի այն սահմանադրական լուրջ փորձաքննության ու իրավական լրամշակման կարիք ունի։

Ի դեպ, այս նախագիծը եկավ պաշտոնապես հիմնավորելու Հայ ազգային կոնգրեսի պնդումները, որ 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը Երեւանում արտակարգ դրություն սահմանել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ։ Բանն այն է, որ Սահմանադրությամբ՝ երկրի նախագահն իրավունք ունի հայտարարելու արտակարգ դրություն, իսկ դրա իրավական ռեժիմը սահմանվում է օրենսդրությամբ։ Մինչդեռ առ այսօր Հայաստանում գոյություն չունի նման օրենք։ Այսինքն՝ 2008թ. Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հաստատված արտակարգ դրությունն ու նրա սահմանափակումները որեւէ օրենքով սահմանված չեն եղել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829