Հատվածներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հարցազրույցից:
– Դուք քաղաքականապես կաշկանդվածություն ունե՞ք գործունեություն ծավալելիս։ Մի տեսակ լռություն էր նաեւ, երբ ԲՀԿ ներկայացուցիչներին աշխատանքից ազատեցին, տարբեր անհեթեթ քրեական գործեր հարուցեցին, հետո նրանք ազատ արձակվեցին։ Ինչո՞ւ այդ ժամանակ եւս լռություն պահպանեցիք։
– Ոնց եմ Զեզ նախանձում, որ Դուք կարող եք, օրինակ, գնահատական տալ՝ գործն անհեթեթ է, թե ոչ, որովհետեւ երբ ես որպես մարդ եմ խոսում, ես էլ եմ էդպես. ուզում եմ գնահատեմ՝ անհեթեթ կամ արդար։ Բայց որպես ինստիտուտ, իսկ մարդու իրավունքների պաշտպանն ինստիտուտ է, անձ չէ, իրավունք չունեմ էդպիսի հապճեպ գնահատականներ տալ, նույնիսկ եթե Ձեր գնահատականներն արդար են։ Ինչ վերաբերում է քաղաքական կաշկանդվածությանը, այո՛, ես ունեմ քաղաքական զսպվածությամբ կաշկանդվածություն եւ պարտավոր եմ որեւէ կերպ չքաղաքականացնել այս ինստիտուտը։ Տեղից բոլորը ամեն կողմից փորձում են այն քաղաքականացնել։
– Գուցե նախանձեք, որ որակում եմ տալիս, այնուամենայնիվ հիմա ԲՀԿ–ի նկատմամբ ահաբեկչական գործողություններ են ծավալվում, Ձեզ չի՞ մտահոգում թեկուզ որպես քաղաքացի։
Կարդացեք նաև
– Ի տարբերություն Ձեզ՝ ես չեմ կարող նաեւ հապճեպ գնահատականներ տալ։ Այսօր ԲՀԿ որեւէ ներկայացուցչից, նույնիսկ կուսակցության որեւէ մարմնից չեմ ստացել դիմում, խնդրանք, առաջարկություն եւ հետեւելով մամուլին՝ չեմ տեսել, որ իրենք ասեն, թե իրենց իրավունքների խախտում կա։ Այսինքն՝ ես որ ասում եմ, որ ես քաղաքականացված չեմ, չի նշանակում, որ կույր եմ քաղաքական կյանքում։ Ես չեմ տեսնում այս դիրքից որեւէ ճնշում, որի մասին վկայակոչում է ճնշվողը, զոհը։ Եվ չեմ տեսնում զոհը, որի իրավունքը պետք է պաշտպանել։
– Վախենո՞ւմ են։
– Գիտեք, մենք, օրինակ, մտահոգվում ենք, երբ երեխան կամ կինը տանը բռնության են ենթարկվում եւ վախենում են ասել, դրա համար միջամտում ենք։ Քաղաքական ուժի դեպքում զավեշտական կլինի մտածել, որ վախենում են։ Այդ դեպքում քաղաքական ուժը դադարում է լինել քաղաքական ուժ։
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Ժողովուրդ»