Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն հրաժարվել է ղեկավարել ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականը:
Դրանով նա իր անհամաձայնությունն է արտահայտել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) այն որոշմանը, որով հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիից վերցվել է ավագի թեւկապը:
Կապելոն ծայր աստիճան դժգոհ է մնացել երկրի ֆուտբոլային ղեկավարներից, որոնք ֆուտբոլիստին մեղադրել են «Քուին Փարք Ռեյնջերսի» խաղացող Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություն անելու մեջ: Դոն Կապելոն այս թեմայի շուրջ կիսվել է իտալական հեռուստաընկերություններից մեկի հետ, որից հետո նրան «զրույցի» են հրավիրել FA:
«Մենք ընդունել ենք նրա հրաժարականը՝ համաձայնելով, որ դա ճիշտ վճիռ է: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կապելոյին՝ թիմի հետ աշխատելու համար եւ նրան մաղթել հաջողություն», – հայտարարել է FA-ի ղեկավար Դեւիդ Բերստայնը:
Ֆաբիո Կապելոն Անգլիայի հավաքականը գլխավորում էր 2008 թվականից:
Ո՞վ կզբաղեցնի աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի գլխավոր մարզչի արդեն թափուր պաշտոնը: Անգլիայի լրատվամիջոցներն արդեն գրում են, որ ամենահավանական թեկնածուն «Տոտենհեմի: գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն է: Շշուկներ կան, որ այդ պաշտոնն զբաղեցնել շատ է ուզում Գուս Հիդինգը, որը Թուրքիայի ընտրանին լքելուց հետո անգործ է մնացել: Որպես երրորդ թեկնածուի, նշվում է նաեւ Սթիվ Քինի անունը՝ «Բլեքբեռն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ