Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյանը վերընտրվեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

Փետրվար 09,2012 00:47
Փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում կայացան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրենի ընտրությունները։ Այդ պաշտոնում 2 տարով վերընտրվեց Հայկ Հարությունյանը, ով աստղադիտարանի տնօրենն է 2004 թվականից: Մյուս թեկնածուն «Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն Արա Միրզոյանն էր, սակայն 15 քվեարկողներից 14-ը ձայները տվեցին Հայկ Հարությունյանի օգտին, և մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քանի որ ԲԱ տնօրենի ընտրությունների հետ կապված մի շարք տարատեսակ հրապարակումներ և համացանցային տեղեկություններ են տարածվել, հիշեցնենք, որ տնօրենի ընտրություններն իրականացվում են ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից` ինստիտուտի և բաժանմունքի ժողովներում առաջադրված թեկնածուների քննարկումներից հետո: Այդ ժողովներում տեղի է ունենում ոչ թե ընտրություն, այլ քվեարկության միջոցով թեկնածուների վերաբերյալ կարծիքի արտահայտում: Համապատասխան ժողովները տեղի էին ունեցել հունվարի 31-ին Բյուրականում, որտեղ մեծամասնության հավանությանն էր արժանացել Արա Միրզոյանը և փետրվարի 6-ին Ակադեմիայում, որտեղ միաձայն հավանության էր արժանացել Հայկ Հարությունյանը:
Հայկ Հարությունյանը ծնվել է 1951թ., 1973-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը «աստղաֆիզիկա» մասնագիտությամբ և նույն թվականից աշխատում է ԲԱ-ում: 1981-ին պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի թեզ: 1986-ից ավագ գիտաշխատող է, 1999-ից՝ առաջատար գիտաշխատող: 1986-1993 և 1994-2000-ին՝ ԲԱ փոխտնօրենն էր, 1993-1994-ին՝ տնօրենի պաշտոնակատարը, 2004-ից՝ տնօրենը: Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի անդամ է, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտության դասավանդում» հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում: Երկար տարիներ դասախոսում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: ՄԱՄ, Եվրոպական և Հայկական աստղագիտական ընկերությունների, ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների անդամ է, «Աստղաֆիզիկա» և «Գիտության աշխարհում» հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ: Գիտական աշխատանքները վերաբերում են ճառագայթման տեղափոխման տեսությանը, այլընտրանքային տիեզերաբանությանը և տիեզերական օբյեկտների ակտիվության ու էվոլյուցիայի կապի խնդիրներին: 54 գիտական աշխատանքների հեղինակ է, խմբագրել է մի քանի մենագրություն:
Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829