Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետեւ` Խումբ)` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ղեկավարությամբ, հասարակական քննարկում էր հրավիրել` Խմբի կողմից նախորդ տարվա ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվությունների եւ դիմումների վերաբերյալ:
Քննարկման ժամանակ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը Խմբին մեղադրեց նրանում, որ կարծես ամեն տարի նույն տարեկան հաշվետվությունը copy-past է անում:
Ավելի ուշ իրավապաշտպան, «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ տարիներ շարունակ ՔԿՀ-ներում որեւէ բարեփոխում նկատելի չէ, այդ իսկ պատճառով copy-past-ը լրիվ արդարացված է: Երրորդ «հելսինկյանը»` Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ համաձայն էր, որ տարիներ շարունակ ոչինչ չի արվում, բայց նաեւ ակնարկեց, որ Խումբն իր ղեկավարած հ/կ-ից է որոշ բաներ copy-past անում: Արթուր Սաքունցն առաջարկեց, որ Մ. Դանիելյանը ցույց տա այդ ակնարկված կտորները: Վերջինս խոստացավ ցույց տալ, իսկ եթե նման բան չլինի, ապա ներողություն կխնդրի:
Մ. Դանիելյանը այլ կերպ էլ «կպավ» Խմբին, ասելով, որ իրոք, բնույթով Խումբը նախարարին «կից» է, ավելին, «վահան» է նախարարի համար, որ միջազգային ասպարեզներում ասի` այ, Վրաստանն ու Ադրբեջանը նման բան չունեն իրենց նախարարությունների կազմում, իսկ մենք ունենք: Հետո նաեւ հայտարարեց, որ իր կազմակերպությունը` Հելսինկյան ասոցիացիան, առաջինն էր ՔԿՀ-ներում մոնիտորինգ անում, սակայն չմտավ այդ խմբի մեջ: Հետո Ավետիք Իշխանյանը ճշտեց, որ իսկապես նման բան` հասարակական դիտորդ խումբ, շատ քիչ երկրներում կա եւ դա մեր ձեռքբերումն է: Միքայել Դանիելյանի դժգոհությունները դիտորդ Խմբից այդքանով չավարտվեցին, նա նաեւ հայտարարեց, որ որոշ հարցերով դիմել են Խմբին, ու ստացել պատասխան` մենք չենք զբաղվում այդ գործով: «Այս խումբը հարմար է նախարարությանը, դրա համար էլ մեզ չի թողնում մեջը, Վարդգես Գասպարիին էլ հանեցիք Խմբից` ակտիվ լինելու համար»,- հայտարարեց Միքայել Դանիելյանը: Ապա դժգոհեց արդարադատության նախարարությունից, որ, թեեւ օրենքով իր ղեկավարած կազմակերպությունն էլ` որպես հ/կ, կարող էր ազատ մուտք ունենալ ՔԿՀ, սակայն իրենց որոշ դեպքերում թույլ չեն տվել: Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ նախարարությունն իր թույլ չտալը բացատրել է այսպես` ձեր ղեկավարած կազմակերպության կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքները մի շարք դատապարտյալների եւ կալանավորների մոտ առաջացրել են օբյեկտիվ դժգոհություններ…«Այսինքն, իմ զեկույցը ներկայացվել է դատապարտյալներին, իրենք չեն հավանել, ու մեզ չեն թողնո՞ւմ»,-հեգնեց պարոն Դանիելյանը:
Կարդացեք նաև
Երբ քննարկումների եւ տեղեկանքի ներկայացման ընթացքում բերվեցին մի շարք օրինակներ, թե ինչ կարգի խախտումներ են եղել ՔԿՀ-ներում, կամ ինչ խոշտանգումներ են գրանցվել, քննարկմանը ներկա Գլխավոր դատախազության ներկայացուցիչը` պարոն Պալյանը հարցրեց, թե` «դուք նշեցիք փաստեր, որոնցից հանցագործության հոտ է գալիս, եթե գտնում եք, որ խոշտանգումներ են եղել, լուրջ խախտումներ են եղել, ծեծել են մարդուն խուզարկության ժամանակ, ինչի՞ չեք դիմում դատախազությանը, իրավապահ մարմինններին»: Տեղում Խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը օրինակ բերեց, թե ինչպես են նախորդ տարվա նոյեմբերին հաղորդում ներկայացրել դատախազությանը հանցագործության վերաբերյալ, երբ մեկին ապօրինաբար քսանութ օր պահել էին Նուբարաշենում: Դատախազությունը չի քննել այդ հաղորդումը, իրենք դիմել են առաջին ատյանի դատարան, դատարանը մերժել է, Վերաքննիչը բավարարել է իրենց բողոքը եւ մանրամասն արձանագրել տեղի ունեցած խախտումները, որի հիման վրա արդեն գործը պետք է հարուցվեր, սակայն Գլխավոր դատախազությունը բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել այդ բողոքը եւ Վերաքննիչի վճիռն ուժի մեջ է մտել, հաստատվել է, որ տեղի է ունեցել հանցագործություն, սակայն մինչ օրս ոչ մի քրեական գործ չի հարուցվել:
Պարոն Մարուքյանի այս օրինակից հետո դատախազ Պալյանը, թե` «ու դուք էլ նեղացաք, ու որոշեցիք էլ չդիմե՞լ դատախազությանը, եթե մի նախադեպ է եղել, էլ չե՞ք դիմելու…»:
Մելանյա Բարսեղյան