Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության «գլխի վրայից թռե՞լ էին» (տեսանյութ)

Փետրվար 08,2012 22:51

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետեւ` Խումբ)` Արթուր Սաքունցի ղեկավարությամբ, երեկ հասարակական քննարկում էր հրավիրել` Խմբի կողմից նախորդ տարվա ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվությունների եւ դիմումների վերաբերյալ:

Քննարկումը բավականին հետաքրքիր մթնոլորտում անցավ, քանի որ եւ ինքնին հաշվետվությունն էր հետաքրքիր, եւ դրա հանդեպ արձագանքները:

Հաշվետվությունների վերլուծության արդյունքները ներկայացրեց Խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը: Նրա ներկայացրած օրինակներում հրատապ հաշվետվությունները կա’մ ձեւական պատասխան են ստացել արդարադատության նախարարությունից, կա’մ վերջում հայտարարվել է, որ խմբի ներկայացրած փաստերը չեն համապատասխանել իրականությանը, կա’մ հայտարարվել է, որ ՔԿՀ-ների ղեկավարության կողմից` Խմբի աշխատանքների համար արգելքների հարուցումը եղել է իրավաչափ:

2011-ի ընթացքում խումբը ներկայացրել է 21 հրատապ հաշվետվություն, որոնց, ըստ կարգի, պետք է արդարադատության նախարարությունն արձագանքի եռօրյա ժամկետում: Ըստ ամփոփման` որոշ դեպքերում նախարարությունն արձագանքել է ուշացումով:

Երբ պարոն Մարուքյանը ներկայացրեց հրատապ հաշվետվությունների մասին տեղեկանքը եւ բերեց օրինակներ, թե ինչպես են իրենց հրատապ հաշվետվությունները անտարբերության կամ անլուրջ վերաբերմունքի արժանացել նախարարության կողմից, բնական էր, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, տվյալ դեպքում` նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, անհամաձայնություն կհայտնի:

Պարոն Առուստամյանը ասաց, որ մինչ հրապարակային քննարկումների անցնելը` նախընտրելի էր եւ ավելի կոռեկտ կլիներ, որ արդարադատության նախարարության հասարակական դիտորդների խումբը նախ իրեն անհանգստացնող հարցերը եւ հաշվետվությունները քննարկեր նախարարության հետ` աշխատանքային մթնոլորտում: Անգամ ասաց, որ Խումբը նախարարին «կից» մարմին է, ինչին խմբի անդամները ամենեւին համամիտ չէին, եւ նույնիսկ ասացին, որ եթե «կից» լիներ նախագահին, ապա իրենք չէին մտնի դրա մեջ: Նիկոլայ Առուստամյանն իր հերթին քննադատեց Խմբին, մասնավորապես ասաց, որ վերջին ամիսներին նախարարությունը տարբեր մակարդակներով իր մտահոգությունը հայտնել է ոչ միայն  հրատապ հաշվետվությունների, այլ ընդհանրապես Խմբի աշխատաոճի կապակցությամբ: Նույնիսկ ասաց, որ 2009-10թթ. տարեկան հաշվետվությունները այնքան նման են իրար, ասես` copy-past արած լինեն: Եվ վերջում Խմբին մեղադրեց «շոու» անելու մեջ: Ու որպես վերջակետ առաջարկեց.«Եթե հավաքվել ենք քննարկելու անհատական դեպքեր, անհատական խնդիրներ, ասեիք, ես պատրաստված, թղթերով գայի, եւ ամեն անհատական դեպքին կտայի գնահատական, կքննարկեինք, բայց եթե քննարկելու ենք հրատապ հաշվետվությունների հարցում եղած բաղթողումները, եկեք դրանք քննարկենք, տեսնենք, թե ինչն է խնդիրը»:

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829