Արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այսօր իր վարչության պետերի հետ մեկնել էր Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղ` աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու: Մարզպետին ուղեկցող լրագրողները, միաբերան դժգոհելով Գյումրու ձյունախեղդ եղած, անանցանելի փողոցներից, հետաքրքվեցին, թե ով է դրա համար պատասխան տալու. կես մետր ձյուն է նստել, սակայն Գյումրու քաղաքապետարանը դրանք մաքրելու ուղղությամբ բացարձակապես աշխատանքներ չի կատարում: «Առավոտյան ես դրանով զբաղվել եմ, ասեմ, որ ամեն օր եմ զբաղվում, հիմա էս պահին կարծում են փողոցները մաքրվում են , հետ գնալուց պետք է ահագին տեղ մաքրած լինեն, միասին կշրջենք, կտեսնենք» ,-վստահեցրեց մարզպետը:Սակայն Ոսկեհասկից վերադառնալուց հետո շրջեցինք ու տեսանք նույն խայտառակ պատկերը: Պատահական չէ, որ Գյումրու այսօրվա հեռուստաեթերը լցված էր քաղաքապետարանի անգործությունը ֆիքսող կադրերով ու գյումրեցիների բողոքներով:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ