Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործով դատավարությունը նորից հետաձգվեց

Փետրվար 08,2012 17:37

 Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության հերթական նիստը կայացել էր փետրվարի 7-ին: Անկողնային հիվանդ լինելու պատճառաբանությամբ, նիստին չէր ներկայացել գործով առանցքային վկա Արման Նավասարդյանը: Դատարանը որոշել էր հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Դատական նախորդ նիստերին Ա. Նավասարդյանը ցուցմունքներ էր տվել եւ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:

Դատավորի այս որոշումից հետո՝ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարել է , որ ցանկանում է դատավոր Սամվել Մարդանյանին բացարկ հայտնել եւ դրա դրա համար ողջամիտ ժամկետ է խնդրել: Դատավոր Մարդանյանը դատը մի ժամով հետաձգել էր: Սակայն այն լրանալուց հետո, ժամը 15.30-ին պաշտպանը հայտնել էր, որ բացարկը նախապատրաստելու համար ժամանակը չի բավարարել, դատարանը դրա համար եւս մի ժամով հետաձգել էր նիստը: Այդ ընթացքում Հ. Գեւորգյանը դատարանին դիմում էր ներկայացրել, որով դատարանին խնդրել էր իրեն տրամադրել նախորդ նիստերին իր կողմից դատավորին հայտնած բացարկների վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները, դատական նիստերի ձայնագրությունները` կրիչներով , համակարգիչ եւ առանձին սենյակ: Դատարանը պաշտպանին տրամադրել է դրանք, Հ. Գեւորգյանի պաշտպանյալ Հակոբ Մանուկյանն էլ դատարանում հայտարարել էր, որ դատական նիստերի ձայնագրությունները` կրիչներով, ինքը դատարանից ստացել է եւ տվել իր պաշտպանին: Ժամը 17.30-ի սահմաններում Հրանտ Գեւորգյանը լքել էր դատարանի դահլիճը` չներկայացնելով ինքնաբացարկի միջնորդություն: Դատարանը նրա նկատմամբ որոշում է կայացրել` դիմել փաստաբանական պալատ Հրանտ Գեւորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Հաջորդ նիստը նշանակված էր փետրվարի 8-ին ժամը 11-ին: Այն սկսվեց 15 րոպե ուշացումով, քանզի Երեւանից ուշացումով ժամանեց ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը:

Նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը, նրա ներկայացուցիչները, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, պաշտպան Ազատ Շահբազյանը:

Հրանտ Գեւորգյանը դատարանին դիմումով հայտնել էր, որ նիստին չի ներկայանալու՝ դատարանից իր բնակավայրի մեծ հեռավորության եւ ճանապարհների վտանգավոր լինելու պատճառով:

Փետրվարի 8-ի դատական նիստում ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի իր պաշտպանը մասնակցի դատին: Դատարանը որոշեց հետաձգել նիստը եւ հաջորդ նիստը նշանակեց փետրվար 14-ին, ժամը 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829