Լրահոս
Օրվա լրահոսը

Գիզիրյանն իր պաշտոնը հարազատ ընկերոջ հետ այդպես հեշտությամբ կիսողներից չէ

Փետրվար 08,2012 17:20

Այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզպետարանի բոլոր վարչության պետերի ու լրագրողների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Ոսկեհասկ գյուղում: Թեև գեներալ մարզպետի գլխավորած շքախումբը ձմռան կեսերին արդեն հասցրել է այցելել 70 գյուղ, սակայն Ոսկեհասկն առաջինն էր, որտեղ հրավիրեցին նաև լրագրողներին:

Նշենք, որ այսօր ամենաձյունառատ օրն էր Շիրակի մարզում, ձյան հաստությունը հասնում էր մոտ 40-50սմ-ի, տեղումները չէին դադարում, հետևաբար և ճանապարհները կամ փակ էին կամ դժվարանցանելի: Տեղ հասնելուն պես, Աշոտ Գիզիրյանը կատակեց, թե տեսեք ճանապարհները բաց են ոչ միայն Գիզիրյանի առջև, ինչպես որ քննադատում է մամուլը, այլև լրագրողների:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի±նչն է ստիպել Գիզիրյանին ձմռան բուք ու բորանին խորհրդավոր այցեր կազմակերպել գյուղեր, ինչո՞ւ լրագրողներին չեն հրավիրում լուսաբանման, մի±թե պատճառը այն չէ, որ դրանք քաղաքական բնույթի են: «Միանշանակ` ոչ, ես նախկինում էլ եմ գյուղեր գնացել: Գիտե՞ք ինչու եմ հիմա գնում, պարզ ասեմ, ահագին գործեր ենք արել գյուղերում, ես հասցրել եմ ժողովրդին ճանաչել, ժողովուրդն էլ ինձ է արդեն ճանաչում, ես կարող եմ մտնել մեջները ու պարզ խոսել: Քննադատություններից չեմ խուսափում, և ինչ խոսք եմ տալիս՝ անելու եմ: Չկա մի բան, որ ասել եմ, չեմ արել»,- ասաց մարզպետը` լրագրողներին չհրավիրելը բացատրելով մարզի սառնամանիքով:

Մենք նրանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչու է Արթիկի փաստացի կառավարումը հանձնել իր ընկերոջը` Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին: Նշենք, որ ծագումով ղարաբաղցի այս երկու հարազատ ընկերները ժամանակին պաշտոններ են զբաղեցրել Արթիկում, Գիզիրյանը եղել է Արթիկի փոխոստիկանապետը, այնուհետեւ՝ ոստիկանապետը, այդ տարիներին Կարլեն Աբրահամյանն էլ զբաղեցրել է Արթիկի ժողկրթբաժնի վարչության պետի պաշտոնը:

Շիրակի մարզպետը մեր հարցին կեսկատակ-կեսլուրջ այսպես արձագանքեց. «Դուք հնարավոր համարու±մ եք, որ ես իմ կառավարումը որևիցէ մեկին տամ կամ հանձնեմ: Դա բացառվում է: Ես էդքան հեշտ պաշտոն տվող չեմ »:

Նշենք, որ Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղի պաշտոնանկ արված գյուղապետ Համազասպ Մխիթարյանը վերջերս Գիզիրյանին մեղադրել էր Արթիկն իր գյուղերով Կարլեն Աբրահամյանի կառավարմանը հանձնելու մեջ: Ավելին, գյուղապետը վրդովվել էր, որ Գիզիրյանն այս նպատակի համար ջիպ է դրել իր ընկերոջ տակ, որպեսզի նա ավելի ազատ ելումուտ անի Արթիկ: Հիշեցնենք, որ Աշոտ Գիզիրյանը մարզպետ դառնալուն պես՝ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանից պահանջեց վերադարձնել ծառայողական սպիտակ ջիպը, որը Նանյանն արդեն հասցրել էր վաճառել, ու դրա բանալիները Կարլեն Աբրահամյանի ծննդյան 60-ամյակին հանձնեց նրան: Մինչ այդ տիկին Նանյանը տարածքային վարչության պետին զրկել էր ծառայողական մեքենա ունենալու իրավունքից` նրան խորհուրդ տալով ոտքով շրջագայել գյուղերը:

Խորհրդակցության և մեր բացառիկ հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829