Ֆրիդրիխ Դյուրենմաթ «Ծեր տիկնոջ այցը», Գարսիա Լորկա «Բեռնարդո Ալբան և իր աղջիկները», Ալվարդ Պետրոսյան «Ես մի ծառ եմ ծիրանի» , Նելլի Շահնազարյան «Իմ ծաղկած դեղձենի»: Սրանք Երեւանի ազդագրերին գրված վերնագրերն են:
Ուսանողներն ասում են՝ իրենց ավելի շատ գրավում է ոչ միայն ազդագրի հաջող պատկերազարդ տեսքը, այլև ներկայացման վերնագիրը կամ հայտնի ու սիրելի երգիչ-երգչուհիների անունները: Ուսանողուհի Արփինե Սարգսյանի համար սկզբում միայն այդ նույն ազդագրերի պատկերների ու նրանց վերնագրերի գրավչությունն էր առաջնայինը, սակայն հաճախ այցելով Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն և այլ մշակութային կենտրոններ` համոզվել է, որ ազդագրերի տեսքը երբեմն շատ խաբուսիկ է:
Ըստ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի պատասխանատու Գևորգ Սարգսյանի` այսօր թատրոնները չեն ներկայացնում այնպիսի խաղացանկեր, որոնք շահագրգռեն յուրաքանչյուրին այցելել թատրոն: «Դրա փոխարեն ժամանակակից սերիալները (որտեղ սովորաբար նկարահանվում են այդ նույն թատրոնների դերասանները) մարդուն ավելի հարազատ են իրենց բնույթով ու ներկայացվող թեմաներով (ուրախություն, լաց, հումոր), այդպիսով մեծանում է հեռուստատեսության դերը մշակույթի այլ օջախների նկատմամբ: Հանդիսատեսի և հատկապես դերասանի` թատրոնի նկատմամբ նման վերաբերմունքը, ամենաառաջինը խոսում է թատրոնի բարձիթողի վիճակի մասին: Այնպես որ, հարկավոր է նախ և առաջ ներքին խնդիրները կարգավորել», – ասում է Գեւորգ Սարգսյանը:
Սովորաբար ազդագրերի պատրաստման համար պատասխանատու է տվյալ մշակույթի կենտրոնի ադմինիստացիան, իսկ նախնական աշխատանքը կատարում է նկարիչը: Ստացվում է, որ, այնուամենայնիվ, անցորդին հանդիսատես դարձնելու կարևոր նախապայմաններից մեկը հանդիսացող ազդագրերը քիչ կարևոր դերակատարում չունեն, սակայն արդյունքում ոչ միայն այդ նույն հանդիսատեսն է հեռուստատեսությունն ու ինտերնետը գերադասում թատրոնից, այլև դերասանն ինքը` առավել շահեկան պայմաններից ելնելով:
Ալվարդ Սիմոնյան