«Մայքրոսոֆթ» ընկերությունը` ԿԳ նախարարության եւ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության հետ համատեղ, «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում այս տարի երրորդ անգամ անցկացրեց «Նորարար ուսուցիչներ» ֆորումը, որի ընթացքում տեղի ունեցավ նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխություն:
Ինչպես նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, արդեն ավանդույթ դարձած ֆորումը տարեցտարի կրկնապատկում է ուսուցիչների հետաքրքրությունը մասնակցության հանդեպ. «Թող չլինի կարծիք, թե մեր դպրոցները հետ են մնացել տեղեկատվական տեխնոլոգիաներից: Պետք է հպարտանանք, որ իրենց աշխատանքին նվիրված ուսուցիչներ ունենք: Կրթությունն այն կարեւոր բնագավառն է, որտեղ պետք է ներդրվեն բոլորի ջանքերը»:
Այս տարվա մրցույթի գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով` պետք է զարգանալ առավել արագընթաց քայլերով, քանի որ ունենք ներուժ, որը պետք է օգտագործել. «Մեզանում սովորություն կա ասել, թե գիտենք ամեն ինչ, բայց պետք է յուրաքանչյուր օր սովորել եւ զարգացնել գիտելիքները: Կրթական հարթակը զարգանում է եւ պետք է հավատալ մեր երիտասարդներին»:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, նախարարության համար առաջնային է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ինչի կապակցությամբ վերջին 10 տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են արվել. մասնավորապես` էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում, ուսումնական ծրագրերի վերանայում, որոնք վերահսկում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Ինչպես նշեց վերջինիս տնօրեն եւ մրցույթի գնահատման հանձնաժողովի նախագահ Արտակ Պողոսյանը, առավել մեծ թվով մասնագետներ կան, ովքեր պետք է ակտիվ լինեն, քանի որ ներկայացվել է ընդամենը 41 նախագիծ. «Պետք չէ կրկնօրինակել նախորդ տարվա հաղթողին: Նոր խոսք պետք է ասել, եւ ժյուրիի համար հետաքրքրական կլինի նոր նախագծերի քննարկումը»: Կրթական ծրագրերի ղեկավար Քրիստինե Գյոնջյանի տեղեկացմամբ` մրցույթի մասին Երեւանի եւ մարզերի դպրոցներին հայտարարվել է նախապես, եւ ուսուցիչները երկու ամիս պատրաստվելու ժամանակ են ունեցել. «Ներկայացված 41 նախագծերից եզրափակիչ փուլ են անցել 13-ը»:
Կարդացեք նաև
Մրցանակաբաշխության ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից սահմանված գլխավոր մրցանակին արժանացավ Օհանյան կրթահամալիրի ներկայացուցիչ Աննա Գալստյանը` «Տիեզերքը շատ մոտ է» ծրագրի համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից սահմանված առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար Օհանյան կրթահամալիրի ներկայացրած «Ճիշտը եւ սխալը», Վանաձորի թիվ 19 դպրոցի «Գիտելիքների գնահատման օնլայն համակարգ» եւ թիվ 13 ավագ դպրոցի «Կանոնավոր բազմանկյուններ եւ օնլայն թեստեր» ծրագրերը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին տրվեց «Մայքրոսոֆթի» կողմից սահմանված հատուկ մրցանակ` էլեկտրոնային մատյանների կիրառության համար: Գլխավոր մրցանակակիրը մարտի 19-22-ը կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Մայքրոսոֆթի» եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին` իր նախագիծը ներկայացնելով միջազգային հանրությանը:
Ի դեպ, նախորդ տարվա հայաստանյան մրցույթի գլխավոր մրցանակակիր` ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը եվրոպական ֆորումում եւս արժանացել է առաջին պատվավոր մրցանակին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ