Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «Պուտին» ակո~ւմբ, ի՞նչ բան

Փետրվար 08,2012 15:38

Ըստ ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդից «Առավոտի» ստացած հաղորդագրության՝ այսօր երեւանյան «Պուտին» ակումբում տեղի է ունեցել  «կլոր սեղան»` «Եվրասիական միության հեռանկարը` հայ երիտասարդության պատկերացմամբ» թեմայով, եւ քննարկմանը մասնակցել են «հայ երիտասարդական կազմակերպությունների եւ շարժումների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` «Պուտին» ակումբի անդամները: Հավաքվածները խոսեցին համագործակցության ուղիների եւ հետխորհրդային երկրներում վերջին տասնամյակում տեղի ունեցած արժեքների վերագնահատման մասին»: Նշված էր նաեւ, որ կլոր սեղանի մասնակիցներին Մոսկվայից տեսաուղերձով դիմել է ինքը՝ Անդրանիկ Նիկողոսյանը եւ հայտարարել. «ԱՊՀ երկրների համար եկել է քարերը հավաքելու ժամանակը»:

Հաշվի առնելով «կլոր սեղանի» շուրջ քննարկվող թեմայի սաստիկ կարեւորությունը, Aravot.am-ը որոշել էր լուսաբանել այդ իրադարձությունը, որը, ըստ հաղորդագրության, պետք է տեղի ունենար հենց «Պուտին» ակումբում` Զաքյան 6 հասցեում:

Լուսանկարներում այդ հասցեի շենքն է, որտեղ տեղակայված են մի քանի ընկերություններ` «Մագնոլիա» տուրիստական ընկերությունը, «Ֆայն» համակարգչային ընկերությունը, ինչպես նաեւ` «Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը»: Պարզվում է, որ արդեն քանի օր է` այս ընկերությունների դռներն անընդհատ թակում են ու հարցնում «Պուտին» ակումբի մասին, որի մասին ո’չ տեսել են, ո’չ լսել են, ոչ էլ առհասարակ որեւէ պատկերացում ունեն:

«Ֆայն» ընկերության աշխատակցի խոսքերով` «Լսել ենք, որ այստեղ «Պուտին» ակումբ են բացել, մեկ ասացին Զաքյան 6, հետո` թե Զաքյան 6/1, հետո` Զաքյան 6/36, բայց թե դա որտե՞ղ է` չենք իմանում: Զաքյան 6 հասցեն սա է, ինչպես տեսնում եք` «Պուտին» ակումբ չկա: Մենք անընդհատ լսում ենք այդ ակումբի մասին, բայց տեղը չենք գտնում»:

«Հայաստանի աստվածաշնչային ընկերությունից» նույնպես ասացին, որ արդեն 10 տարուց ավելի է` այդ շենքում են, եւ նման ակումբ չկա:

Մենք հերթով թակեցինք բոլոր բնակիչների դռները եւ հարցուփորձ արեցինք: Բոլորը տարակուսած ասում էին` «Ի՞նչ «Պուտին» ակումբ, ի՞նչ բա~ն ու ծիծաղում»:

Ավելին, բնակիչներից մի քանիսը մեզ հետ միասին սկսեցին փնտրել իրենց շենքում «Պուտինի կողմնակիցներին», հիշեցին, որ իրենց հարեւաններից մեկը «ռուսական կողմնորոշում» ուներ եւ հնարավոր է՝ բնակարանը վարձով տված լինի, սակայն` ապարդյուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829